Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել. 2 դեպքով էլ նշանակվել է մասնագիտական ստուգում

Լոռու մարզի ոստիկաններն օրերս ապօրինի ծառահատման երկու դեպք են բացահայտել: Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձորի անտառտնտեսության աշխատակիցների հետ Վահագնաձոր համայնքի վարչական տարածքում ստուգել են Վահագնի գյուղի 30-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան:
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ մայիսի 14-ին իրենց գյուղի անտառում բենզասղոցով ապօրինի հատել է մեկ ծառ։
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հաջորդ օրն ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ բացահայտվեց օպերատիվ ճանապարհով։
Ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Վահագնի գյուղի 26-ամյա մի բնակիչ մայիսի 17-ին գյուղի հանդամասից բենզասղոցով ապօրինի հատել է չորս ծառ և թողել անտառում՝ հետագայում տեղափոխելու համար։
26-ամյա երիտասարդը բաժին է հրավիրվել։ Փայտանյութը հայտնաբերվել և ի պահ է հանձնվել անտառտնտեսությանը։
Երկու դեպքով էլ նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր: