ՆորություններՔո ձայնը

«Եթե սահմանին առաջ եկող ադրբեջանցիների վրա կրակ բացվի ու նրանց զինվորների շրջանում լինեն զոհեր, հետագա զարգացումներն ինչպիսի՞ ընթացք կունենան»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տեսական հարց. Եթե սահմանին առաջ եկող ադրբեջանցիների նկատմամբ կրակ բացվի ու նրանց զինվորների շրջանում լինեն զոհեր, հետագա զարգացումներն ինչպիսի՞ ընթացք կունենան։

— Ինչպես կպահի իրեն ՀԱՊԿ-ը, եթե մենք պաշտպանենք մեր սահմանը։ Այդտեղ ՀԱՊԿ-ի գոյության խնդիրն է լուծվելու, կախված նրանից, թե իրեն ինչպես կպահի.

— Ինչպես իրեն կպահի «միջազգային հանրությունը», երբ սահմանների անխախտելիության խնդիր առաջանա, դա կարող է նմանատիպ ապագա մեծ ցնցումների համար նախադեպ հանդիսանալ.

-Ինչպես իրեն կպահի Իրանը, որի համար Սյունիքը ոչ միայն կենսական, այլև ապագա զարգացումների տրամաբանության մեջ երկրի փլուզման, կամ չփլուզման սկիզբ կարող է հանդիսանալ.

— Ինչպես իրենց կպահեն այն երկրները, որոնց համար Թուրքիան պոտենցիալ սպառնալիք է.

— Ինչպիսի աշխարհաքաղաքական փոփոխություններ կլինեն, եթե Հայաստանը կորցնի իր սուվերենությունը։

Ալիևը իր շահերի տեսակետից ճիշտ քայլեր է անում, պետք է անընդմեջ շանտաժ անի Հայաստանին, Ռուսաստանին, Իրանին ու մաքսիմալ շատ բան պոկի, իսկ մենք մեզ ինչպես ենք պահում, որոնք են մեր օպտիմալ քայլերը, մեր շանտաժի հնարավորությունները։

Կարծում եմ պետք է պատասխան քայլ անել ու դրա հետևանքով ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդի խնդիր դարձնել իրավիճակը։ Ինչ վերաբերվում է թյուրիմացությանը, ապա նա հենց այս ամենի համար է 2018-ին եկել իշխանության, իր ծրագիրն է իրականացնում ու համոզված է իր ճիշտ լինելու մեջ»։

 

Back to top button