Նորություններ

Իրավիճակն այնքան փխրուն է, որ ոչ ոք չի ցանկանում սրել այն. ՀԱՊԿ-ի հայկական ու ղրղզական եւ ՆԱՏՕ-ի թուրքական օրինակները. Իվան Կոնովալով

Սյունիքում և Գեղարքունիքում տիրող իրավիճակի, Հայաստանի դիմումին ՀԱՊԿ-ի արձագանքների, «Սյունիքի միջանցքի» նկատմամբ տարածաշրջանի երկրների հետաքրքրությունների և այլ հարցերի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Իվան Կոնովալովի հետ:

Մայիսի 12-ին, սահմանները հստակեցնելու պատրվակով, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հատեցին Հայաստանի ինքնիշխան սահմանները, մուտք գործեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր՝ հաստատելով իրենց դիրքերը: Ձեր կարծիքով Ադրբեջանն այս եղանակով մարտավարական կամ քաղաքական ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել:

— Որքան հայտնի է, նրանք (ադրբեջանական կողմը) դա բացատրում են սահմանները հստակեցնելու նպատակով: Հասկանալի է, որ դա չէ պատճառը, այլ ստուգելու, թե որքանով է այժմ իրավիճակը փխրուն և, ակնհայտորեն, ստուգելու, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը դրան: Քանի որ այլ գործողություններ տեղի չունեցան, ադրբեջանական կողմն այժմ սպասողական դրության մեջ է:

Իրականում, հակամարտության իրավիճակը չի ավարտվել, և, բնականաբար, այսպիսի մարտավարական գործողությունները, ըստ էության, տրամաբանական էին: Հուսով եմ, որ հակառակ կողմից, և առաջին հերթին ռուսական կողմից, պատրաստ էին նման գործողությունների՝ այս իրավիճակը կարգավորելու համար, որպեսզի այն շատ հեռու չգնա:

Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետ կապված Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿի օգնությանը, բայց ՀԱՊԿը դեռ գործում է միայն խորհրդատվությունների մակարդակով: Ո՞րն է պատճառը, որ այս կազմակերպությունը որևէ կոնկրետ գործողություն չի ձեռնարկում ՀԱՊԿ անդամ պետությանն օգնելու ուղղությամբ:

— Իրոք, այս իրավիճակում իրավական կազուս առաջացավ, քանի որ վերաբերում էր Սյունիքի մարզին, այստեղ հարցը մասնավորապես վերաբերում է Հայաստանի տարածքին, խոսքը Ղարաբաղի մասին չէ: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և Հայաստանի դիմումն այս կազմակերպությանը տրամաբանական էր: Բայց իրավիճակն այնքան փխրուն է, որ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հույսով, ՀԱՊԿ-ը, բնականաբար, սկսեց խորհրդակցություններ:

Այդ իրավիճակները նման են եւ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի դեպքում: Օրինակ, երբ ղրղզական իրավիճակ էր, ՀԱՊԿ-ը միայն մասամբ փորձեց ինչ-որ միջոցներ ձեռնարկել, ըստ էության, ամեն ինչ ավարտվեց ռուս դեսանտայինների ներգրավմամբ, ովքեր պարզապես զբաղվում էին ՌԴ քաղաքացիների տարհանումով, բայց ոչ ավելին: Կամ՝ ՆԱՏՕ-ի դասական օրինակ: Երբ Թուրքիան, խոցեց ռուսական ինքնաթիռը, դիմեց ՆԱՏՕ-ի օգնությանը՝ նշելով, որ իր վրա հարձակվել են: ՆԱՏՕ-ն նույնպես սկսեց խորհրդակցություններ՝ մեծ հաշվով արգելակելով իրավիճակի հետագա սրումը:

Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ իրավիճակն այստեղ այնքան փխրուն է, որ ոչ ոք չի ցանկանում սրել այն, հետևաբար, խորհրդակցությունների գործընթաց է ընթանում, որպեսզի այս իրավիճակը հարթվի առանց ծայրահեղ միջոցների կիրառման:

Չե՞ք կարծում, որ սա մի յուրատեսակ քննություն է այդ կազմակերպության համար:

— Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը կհստակեցնի իրավիճակը, ուղերձներ կհղի, քանի որ եթե իրավիճակը շեղվի ծայրահեղ գործողությունների ուղղությամբ, ապա դա հաստատ չի բերի դրա բարելավման, այնպես որ այստեղ ընտրությունը բանակցություններն են:

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, բայց Ադրբեջանի պնդումները վերաբերում են  միայն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»: Որքանո՞վ է այս միջանցքի հնարավոր բացումը համապատասխանում Ռուսաստանի և Իրանի շահերին, և արդյո՞ք այստեղ հայտնվել են նոր խաղացողներ:

— Ամեն ինչ շատ պարզ է: Ռուսաստանի շահերից է բխում միայն այն, որ կրկին հրաձգություն չսկսվի, որպեսզի հակամարտությունը նոր շարունակություն չստանա: Հենց այդ նպատակով էլ այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահները: Այլ հարց է, և դա կասկած չի հարուցում, որ կողմերից յուրաքանչյուրը մեկնաբանում է այս համաձայնագիրը յուրովի: Եվ մենք տեսնում ենք ադրբեջանական կողմի մեկնաբանությունը: Սա այն քաղաքականությունն է, երբ համաձայնության կողմերից յուրաքանչյուրը փորձում է ստանալ իր համար առավել շահավետ փոխդասավորությունը: Կարծում եմ, որ հայկական կողմը եւս օգտագործելով այս համաձայնագիրը՝ պետք է գործի ավելի ակտիվ:

 

Կարինե Մկրտչյան

Back to top button
Close