ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

Իրենք իմացել են, որ պատերազմ է լինելու, նույնիսկ վերջին օրերին շորերով են քնել. Գևորգը չի նահանջել և անմահացել է հրամանատարի հետ միասին

«Սեպտեմբերի 25-ն էր, Գևորգի հետ խոսեցի, ասաց՝ Մեր, ես էստեղ մարդիկ եմ տեսել, որոնք կարծես սովորական չլինեն, խոշոր չափեր ունեն: Ես սկզբում չէի հասկանում, թե ինչ նկատի ունի, հետո հասկացա, որ խոսքը Սիրիայից բերված վարձկանների մասին է: Էդ ժամանակ եղբայրս ասաց՝ Մեր, հույս չունեմ, որ գալու եմ… եթե եկա, ամեն ինչ կպատմեմ: Հետո ասաց՝ մամային լավ կնայես. ես էլ ջղայնացա, ասացի՝ ի՞նչ ես խոսում՝ մտածելով, որ իր հերթական կատակներից է: Չէի պատկերացնում, որ էդ ամեն ինչը էդքան լուրջ է: Իրենք իմացել են, որ պատերազմ է լինելու, նույնիսկ վերջին օրերին շորերով են քնել, ամեն րոպե սպասել են տագնապի հրամանին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Գևորգ Քարտաշյանի քույրը՝ Մերի Քարտաշյանը:

Մերին ասում է, որ երբ Գևորգին ծառայությունից հարցեր էին տալիս, միշտ ասել է, որ կգամ ամեն ինչ կպատմեմ:

Գևորգ Արթուրի Քարտաշյանը ծնվել է 2001թ. հունվարի 2-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքում։ Գևորգը բանակ է զորակոչվել 2019թ. հուլիսին, սկզբում ծառայում էր Մատաղիսում՝ որպես գնդացրորդ, իսկ արդեն դեկտեմբերից ծառայությունը շարունակել է Թալիշում:

Արցախյան պատերազմի ժամանակ, առաջին իսկ օրը պաշտպանել են Թալիշի դիրքերը՝ «Սիս» հրամանատարական դիտակետը։ Վարել է դաժան ու կատաղի մերձամարտ, մի քանի ժամ պահել է դիտակետը, չի նահանջել, որտեղ էլ զոհվել է հրամանատարի հետ միասին, սեպտեմբերի 27 ին։ Ընտանիքի փոքր զավակն է, ունի ավագ քույր և եղբայր։

Գևորգը զբաղվում էր ձյուդոյով և բազկամարտով, բայց 19-ամյա Գևորգը այլ երազանքներ ուներ՝ ուզում էր դերասան դառնալ:

«Սեպտեմբերի 26-ին Գևորգը տուն զանգեց, մի երկու բառ մամայի հետ է խոսել: Տվել են հեռախոսներ, որ ամեն մեկը զանգի իր տանեցիների հետ խոսի, ու դա եղել է Գևորգի հետ վերջին խոսակցությունը:

Հոկտեմբերի 7-ին մամայիս ծնունդն էր. սպասում էինք, որ Գևորգից լուր պիտի ստանանք, բայց եղբորս անուն-ազգանունը տեսանք զոհվածների ցուցակում:

Գևորգի մարմինը գտել ենք զոհվելուց 4 ամիս անց, երբ գնացել են «Սիս» դիրք տղաների մարմինները ման գալու, մարմին չի եղել, բայց ասել են, որ էդտեղից ահավոր վատ հոտ է գալիս: Ըստ երևույթին, իրենց մարմինները թաղված են եղել, հետո հանել մեզ են տվել»,- պատմում է ժամկետային զինծառայողի քույրը:

Մերին պատմում է, որ միջնեկ եղբայրը բանակում էր ծառայում, Գևորգը մեկնեց ծառայության:

«6 ամիս հետո եղբայրս ավարտեց ծառայությունը, եկավ, բայց Գևորգը բանակում էր, ու էդպես իրար չհասցրեցին տեսնել:

Գևորգն ու մեր միջնեկ եղբայրը բնավորությամբ լրիվ իրար հակառակ պատկերն էին: Միջնեկ եղբայրս ավելի տաքարյուն, կռվարար բնավորություն ունի, իսկ Գևորգը ավելի ադեկվատ էր, չէր սիրում վեճեր, միշտ հաշտեցնում էր իրավիճակը: Ինքը մեր տան փոքրն էր, մեր համար միշտ յուրահատուկ է եղել: Մենք միշտ երեքս միասին ենք եղել, մենք անբաժան էինք»,- շարունակում է հերոսի քույրը:

Մերի Քարտաշյանի խոսքով՝ պատերազմից հետո իրենց կյանքը փոխվել է, սառնությամբ ու անտարբերությամբ են լցվել:

«Եթե պատերազմը այսպիսի ավարտ չունենար, գուցե մի քիչ այլ լիներ, բայց կորուստը այնպիսի ցավ է, որ միշտ ուղեկցելու է մեզ, ուղղակի էդ դեպքում կմտածեինք, որ եղբայրս կյանքը տվել է հանուն հայրենիքի, մենք հաղթել ենք: Շատ դժվար է ամեն ինչ: Ուրախ եմ, որ իմ եղբայրը չի փախել, կռվել է, չի նահանջել: Գևորգի բնավորությունը գիտենալով՝ չէինք հավատում, որ նա կարող էր փախչել: Էդ պահին մտքերդ էնքան խառն են լինում, դու մտածում ես ամեն ինչ, որ միայն թե մտածես, որ եղբայրդ ողջ է:

Ես մտածում եմ, որ մեր զոհված զինվորները գնացել են Աստծո արքայություն, ու էդ մտքից խիղճս հանգիստ է… օրերից մի օր կհանդիպեմ եղբորս, մենք հիմա էդ հույսով ենք ապրում»,- եզրափակեց արցախյան պատերազմում զոհված հերոսի քույրը՝ Մերի Քարտաշյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close