ՆորություններՔո ձայնը

Անցյալի ու ներկայի հավերժ բանավեճի մեջ մենք կորցնում ենք ապագան․ Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը գրել է․

Արցախյան պատերազմից հետո Արցախի նկատմամբ հոգածությունը և այն հզորացնելու հանձնառությունը պետք է դառնա համայն հայության կարևորագույն առաքելություններից մեկը՝ Արցախը նորովի ապրեցնելու համար:
Պատերազմի ողբերգական հետևանքները, մարդկային կորուստները անվերականգնելի են, սակայն մենք պարտավոր ենք
ապրեցնել Արցախը նաև հանուն իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակի:
Արցախի և արցախցու մասին խոսում են բոլորը, երբեմն գալիս Արցախ՝ նկարվելու, մինչդեռ անցյալի ու ներկայի հավերժ բանավեճի մեջ, մենք կորցնում ենք ապագան՝ այն նորից վերածելով ներկայի ու անցյալի միջև կործանիչ առճակատման շրջապտույտի:
Առանց ապրող Արցախի, ապրող արցախցու, քաղաքական տեքստերը չունեն որևէ արժեք: Ընդ որում, Արցախն ապրեցնելու համար պետք է նվիրում, ոչ թե պաշտոն կամ կարգավիճակ:
Արցախի նկատմամբ մեր հոգածությունը բազմաթիվ նվիրյալ հայրենասերների հետ փորձել ենք իրականացնել սկսած պատերազմից անմիջապես հետո՝ կարևորելով անհատական ջանքը՝
որպես համատեղ նպատակի՝ Արցախն արագ վերակենդանացնելու և ապրեցնելու հաջողության գրավական:
Արցախն այսօր ապրում է, ապրում է՝ ի հեճուկս շատերի: Արցախցին ապրում է` իր երեխայի որակյալ կրթության սպասումով, ավելի լավ աշխատանքի ձգտումով, ավելի ուժեղ Արցախ ունենալու երազանքով:
Մենք այդ նպատակների ու երազանքների կողքին ենք՝ անկախ մեր ներկայի ու ապագայի կարգավիճակների:
Մենք նախաձեռնում ենք «Ապրելու Արցախ» հիմնադրամի ստեղծումը, որի նպատակը բացառապես լինելու է Արցախում տնտեսական զարգացման, կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ հանուն Ապրելու Արցախի:
Մենք հավատում ենք, որ բազմաթիվ նվիրյալներ կմիանան մեր նախաձեռությանը՝ Արցախը դարձնելով իրենց ապրելու մի փոքր, բայց կարևոր մասը:
Նախաձեռնության մասին առավել մանրամասն կտեղեկացնենք առաջիկայում։
Մեսրոպ Առաքելյան
Մանե Թանդիլյան

Back to top button
Close