Նորություններ

Եղեք պատրաստ, սթափ, աչալուրջ և զինարթուն. Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության հայտարարությունը

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանամերձ գոտում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքից ընդամենը 7 կիլոմետր հեռավորության վրա, Մեծ Իշխանասար լեռան բարձունքում գտնվող Սև լճի սահմանամերձ գոտում առկա լարված իրավիճակների առթիվ:

Ցավով ենք արձանագրում, որ 2020-ի պատերազմից հետո մեր բանակը չի կարողացել վերականգնել իր ուժերը, լիարժեք վերակազմակերպել սահմանապահ գործառույթները և այս իրավիճակը դրա վառ ապացույցն է: Պատճառներից մեկն այն ենք համարում, որ ՀՀ ուժային կառույցները, այս դժվարին և ծայրահեղ ծանր պատերազմական իրավիճակում, ոչ թե բանակին են օգնության հասնում, այլ սպասարկում են ՀՀ իշխանական վերնախավին` ճնշելով ընդդիմությանն ու իրենց բողոքի ձայնը բարձրացնող խաղաղ քաղաքացիներին ու գյուղացիներին:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության հրամանատարությունը ևս մեկ անգամ իր զորակցությունն է հայտնում ՀՀ զինված ուժերին և կոչով դիմում Արցախյան պատերազմի բոլոր այն վետերաններին, ովքեր դեռ ֆիզիկապես պատրաստ են զենք վերցնել և իսկույն լծակցել սահմանապահ առաքելությանը:

Եղեք պատրաստ, սթափ, աչալուրջ և զինարթուն, որպեսզի ցանկացած պահի կարողանանք հասնել, մեր սահմանապահներին օգնության:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ

Գնդապետ Գրիգոր Գրիգորյան

Back to top button