ՄիջազգայինՆորություններ

Առաջիկա օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով խորհրդակցություններ կանցկացվեն. ՀԱՊԿ-ի խոսնակ

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությանը պաշտոնական դիմումով տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, որն ուղարկվել է ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ — Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին:

Առաջիկա օրերին խորհրդակցություններ կանցկացվեն Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հարցով, ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ-ի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

Ներկայումս մշակվում է խորհրդակցությունների անցկացման հարցը: Ակնկալվում է, որ խորհրդակցությունները տեղի կունենան առաջիկա օրերին:

Զայնետդինովը տեղեկացրել է նաև, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն օրվա ընթացքում մի քանի բանակցություն է վարել Հայաստանի և Տաջիկստանի ներկայացուցիչների հետ:

«Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդինի հետ», — ասել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղարը:

Back to top button
Close