Նորություններ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի տարածք ներխուժելն անվանել են «սահմանագծի հստակեցում»

Ադրբեջանի ԱԳՆ-ն համարում է, որ Երեւանի արձագանքը «հայ-ադրբեջանական սահմանները հստակեցնելու» գործընթացների վերաբերյալ «ադեկվատ չէ»:

«2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ Քարվաճառի եւ Լաչինի շրջաններում, որոնք սահմանակից են Հայաստանի հետ, ընթանում է Ադրբեջանի սահմանային ուժերի տեղակայումը: Այդ գործընթացը կրում է սովորական բնույթ եւ իրականացվում համակարգային կերպով:

Ադրբեջանն ու Հայաստանը որոշում են սահմանագիծն ու այդ գործընթացն իրականացվում է կողմերի ունեցած քարտեզների հիման վրա: Հաշվի առնելով, որ անկախացումից հետո երկու երկրները հայտնի պատճառներով չեն ունեցել լիարժեք պետական սահման, ապա կողմերը, բնականաբար, կարող են ունենալ տարբեր կարծիքներ տեխնիկական գործընթացների վերաբերյալ: Ուստի զարմացնում է այդ գործընթացի շուրջ հայկական կողմի ոչ ադեկվատ արձագանքը, ինչպես նաեւ նրա կողմից արված սադրիչ հայտարարությունները: Անընդունելի ենք համարում այդ գործընթացի օգտագործումը Հայաստանում պաշտոնական անձանց կողմից նախընտրական ներքաղաքական նպատակներով»,-հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:

Նշվում է, որ մայիսի 12-ին Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության ղեկավարը գործուղվել է տարածաշրջան, եւ այժմ կողմերի միջեւ ընթանում են բանակցություններ, ձեռնարկվում են իրավիճակը կարգավորելու միջոցներ:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի «Սեւ լիճ» տեղանքում եւ հարակից տարածքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կիլոմետր։

Back to top button
Close