Նորություններ

Կրակոց Երևանում. Նար-Դոսի փողոցից հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել ավտոլվացման կետի սեփականատերը

 

Կրակոց է հնչել Երևանում: ժամը  18:40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի՝ ժողովրդին հայտնի «դագաղների»  փողոցում կրակոց է հնչել:

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել է ոստիկանության կենտրոնական  բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև  ոստիկանության Երևան քաղաքի վարչութւան պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Ոստիկանները պարզել են, որ  նշված վայրից մեկ հոգու հրազենային վնասվածքով տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում  հայտնաբերվել են արնանման հետքեր և մեկ կրակված պարկուճ:

Դեպքի վայր է  ժամանել նաև ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝  բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը ՝  բաժնի պետի տեղակալ Հարություն Միքայելյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում քննիչները,  կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնաիչ, 24-ամյա  Վաղինակ Բազեյանն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Փաստի առթիվ  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և  235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը  բացահայտելու,  կատարողին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու  ուղղությամբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Մենակ կրակոցի ձայն լսեցինք, լավ ա միլիցեքը շուտ եկան ու ինչ-որ մի հատ ավտո տարան: Հաստատ կբռնեն էդ կրակողին,  իսկ վիրավորն էլ էս թաղում հայտնի Բաքսյոր Վաղոնա, ով  ձեռի հետ մոյկի գործա անում, քանի որ ունի սեփական ավտոլվացման կետ»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի պահանվող հատուկ տարածք տեղափոխված ավտոմեքենան Toyota է և նշված ավտոմեքենայով են տարել հիվանդանոց:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close