ՆորություններՍպորտ

Միլանը 7 գոլ խփեց Տորինոյին, Յուվենտուսը հաղթեց Սասուոլոյին, Ատալանտան՝ Բենևենտոյին

Իտալական Ա Սերիայի 36-րդ տուրում այսօր մի շարք հանդիպումներ են կայացել։

«Միլանը» հյուրընկալվելիս մրցել է «Տորինոյի» հետ և 7 անպատասխան գնդակ է ուղարկել տանտերերի դարպասը։

Միլանյան թիմի կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Անտե Ռեբիչը, դուբլի հեղինակ է դարձել Տեո Էրնանդեսը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Բրահիմ Դիասն ու Ֆրանկ Կեսյեն․ վերջինս անվրեպ է իրացրել 11-մետրանոցը։

Այս հաղթանակից հետո «Միլանն» իր միավորների թիվը հասցրել է 75-ի և բարձրացել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ լրացուցիչ միավորներով զիջելով երկրորդ տեղում գտնվող «Ատալանտային»։ «Տորինոն» 35 միավորով 16-րդ տեղում է։

Տուրի մյուս խաղում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցել է «Սասուոլոյի» հետ և 3-1 հաշվով հաղթանակ է տարել։ Հանդիպման հաշիվը խաղի 28-րդ րոպեին բացել է Ադրիեն Ռաբյոն, առաջին կեսի վերջին րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն կրկնապատկել է թուրինցիների առավելությունն ու թիմերն ընդմիջման են գնացել 0-2 հաշվի պայմաններում։ Առաջին կեսում տանտերերը կարող էին մեկ գնդակ հետ բերել, սակայն 16-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցը չի կարողացել անվրեպ իրացնել Դոմենիկո Բերարդին։

Երկրորդ կեսում՝ 59-րդ րոպեին, Ջակոմո Ռասպադորին, այդուհանդերձ, կրճատել է հաշվի տարբերությունը, բայց 7 րոպե անց Պաուլո Դիբալան ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը։

Տուրի մյուս խաղում «Ատալանտան» Լուիս Մուրյելի և Մարիո Պաշալիչի գոլերի շնորհիվ հաղթել է «Բենևենտոյին»։ 82-րդ րոպեին «Բենևենտոյի» պաշտպան Լուկա Կալդիրոլան կարմիր քարտ է ստացել։

«Ատալանտան» 36 խաղից հետո 75 միավոր է վաստակել ու Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Բենևենտոն» 31 միավորով գտնվում է վտանգավոր գոտում՝ 18-րդ հորիզոնականում։

Տուրի մյուս խաղերում «Ջենոան» 2-0 հաշվով հաղթել է «Բոլոնիային», «Լացիոն» նվազագույն հաշվով հաղթել է «Պարմային», «Ինտերը» 3-1 հաշվով առավելության է հասել «Ռոմայի» նկատմամբ, իսկ «Սամպդորիան» 2-2 հաշվով է ավարտել հանդիպումը «Սպեցիայի» հետ։

Back to top button
Close