Նորություններ

«Ադրբեջանին ռուսական ներկայությունը խանգարում է, որպեսզի նոր պատերազմ սանձազերծի, սակայն սահմանային սադրանքներ կլինեն». Դ. Հարությունով

«Ադրբեջանական  կողմը  փորձում է հնարավորինս բարելավել իր դիրքերը. դա երևույթ է, որը բնորոշ է հետպատերազմական իրավիճակին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը՝ անդրադառնալով այսօր Իշխանասարում տեղի ունեցած սահմանային սադրանքներին:

«Սահմանների  ճշգրտման հարցում Հայաստանն ուղղակի այլընտրանք չուներ, որովհետև եթե այնպիսի պայմաններ են,  և դու չես կարող  շարունակել, դա նշանակում է, որ կողմերից մեկը պիտի անպայման զիջի, ինչը տեղի է ունեցել»,- նշեց ռազմական փորձագետը:

Հարությունովը չի բացառում, որ Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքները կարող են պայմանավորված լինել  «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հոխորտանքով:

Վերջինիս խոսքով՝ այդկերպ Ադրբեջանը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի վրա:

«Ադրբեջանն իր հռետորաբանությունը չի փոխում, որովհետև իրենց պատկերացմամբ կան խնդիրներ, որոնք դեռևս չեն լուծվել:

Եթե պատերազմի ընթացքում խնդիր էր դրված Արցախի տարածքները գրավել, ապա այս դեպքում խոսքը գնում է հունվարի 11-ին ստորագրված փաստաթղթի մասին, ըստ որի տարածաշրջանի մեջ ձևավորվելու է աշխարհաքաղաքական և տնտեսական մոդել,  և նրանք ամեն ինչ անում են, որ Հայաստանը այդտեղ լինի կրտսեր դաշնակցի դերում, և ճնշումը հիմա դրա վրա է ուղղված:

Պատերազմից հետո տարածաշրջանում նոր կոնֆիգուրացիա է ձևավորվել, և  Ադրբեջանի առջև խնդիր կա, որ Հայաստանն այդ կոնֆիգուրացիայի մեջ լինի օբյեկտ, այլ ոչ թե սուբյեկտ:

Գործնականում տեսնում ենք, որ Ադրբեջանը տարբեր ձևերով փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա. դա եղել է հայտարարությունների տեսքով, գերիների հարցը շահարկելու տեսքով, զորավարժությունների տեսքով»,- հայտարարեց Դավիթ Հարությունովը:

Պատերազմից ամիսներ անց պաշտոնական Բաքուն չի հանդարտվել, հայտարարություններ են հնչում սպառնալիքների տեսքով: Մի քանի անգամ արդեն Ադրբեջանն իրականացրել է զորավարժություններ, արդյո՞ք  նոր պատերազմի վտանգ կա:

Հարցին ի պատասխան՝ ռազմական փորձագետը հայտարարեց.

«Ադրբեջանին ռուսական ներկայությունը խանգարում է, որպեսզի նոր պատերազմ սանձազերծի: Նրանք գիտեն, որ նոր մարտական գործողությունները կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ: Քանի այդ գործոնը կա, լայնամասշտաբ մարտական գործողությունները քիչ հավանական են, սակայն սահմանային սադրանքներ կլինեն:

Մարտական գործողությունները չեն բացառվի, եթե ռուսական գործոնի հետ ինչ-որ բան պատահի:

Բայց որ Հայաստանի անվտանգությունն այսօր Ռուսաստանն է ապահովում, դրա մասին բազմիցս ասվել է, և կարելի է ասել, որ մենք ռուսական գործոնից կախված ենք»,- եզրափակեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close