«Հուստինիանոսի կոդեքսում գրված է, որ Հայաստանը զուրկ է օրենքներից ու կիրառում է «բարբարոսական սովորույթներ»»․ Ս․ Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որն է Ադաթի ու Նամուսի տարբերությունը: Երկուսն էլ չգրված օրենքներ են, սակայն մեկը ծագում է արաբերենից, մյուսը՝ հունարենից: Մինչ Իսլամ ընդունելն արաբներն ապրում էին ադաթներով՝ չգրված օրենքներով, որը նորմավորում էր կյանքի բոլոր բնագավառները: Իսլամ ընդունելուց հետո նորմավորումը սկսվեց կատարվել գրված օրենքներով՝ Շարիաթով, սակայն այն երկրներում, որտեղ Իսլամը թույլ էր զարգացած, մարդիկ կարևորություն էին տալիս ադաթներին: Այսպիսով, Ադաթն օրենքներ չսիրող հասարակությունների կյանքի նորմերն են: Նամուսն առաջացել է հունարեն Նոմոս բառից, ինչը բառացի նշանակում է Օրենք: Սակայն մեր դեպքում այն կրկին չգրված օրենքների իմաստն է ձեռք բերել, այսինքն դարձել է Ադաթ: Սակայն մեր նախնիները Նոմոսը դարձրին նամուս ու նախընտրեցին ապրել ադաթներով ու չգրված օրենքներով, որի պատճառով էլ կորցրինք պետականությունը: 6-րդ դարում խմբագրված և ժամանակակից իրավունքի հիմքերից մեկը դարձած Հուստինիանոսի կոդեքսում, Novella XXI, գրված է, որ Հայաստանը զուրկ է օրենքներից ու կիրառում է «բարբարոսական սովորույթներ»: Նույն ժամանակ Հակոբ Յեդեսացին գրում էր, որ «Հայաստանի ժողովուրդները աշխարհի սկզբնավորումից ի վեր ապրել են առանց օրենքների», իսկ Կոստանդնուպոլիսի պատրիարքը Հայոց կաթողիկոսին գրել էր․ «Բազում գոհություն Աստծոն մատուցանեմ քո համբերությանդ ի մեջ այդպիսի բարբարոս ազգի ․․․»։ Հույներն ու հռոմեացիները բարբարոս էին համարում այն ժողովուրդներին, որոնք ապրում են ոչ թե նորմավորված օրենքներով, այլ սովորույթի ուժի վրա հիմնված հարաբերություններով, այսինքն նամուսով ու ադաթով: Այսօրվա մեր հիմնական խնդիրը մնում է նույնը, որ օրենքներով ենք ցանկանում ապրել, գրված, թե՝ չգրված: Նշեմ, որ չգրված օրենքների դեպքում արդեն կարևոր է ոչ թէ դատարանի որոշումն, այլ հասարակական պարսավանքը: |