Նորություններ

Պատերազմի առաջին զոհը․․․ հարազատները Մայիսին զինվորական համազգեստով տեսան՝ հոգեհանգստին

Պատերազմի մեկնարկից ժամեր անց՝ կյանքով լեցուն երիտասարդի կյանքն ավարտվեց։ Մայիս Գրիգորյանը Արցախյան երկրորդ պատերազմի առաջին զոհերից էր։ 2001 նոյեմբերի 8-ին Արարատ գյուղում։ Ընտանիքի առաջին զավակն ու առաջին թոռնիկը։ Սպասված ծնունդ էր։

Irakanum.am-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հորաքույրը՝ Մարիամ Գրիգորյանը։ Մայիսը երեք տարեկան է եղել, երբ ծնողների  հետ տեղափոխվել են ՌԴ։ «Երեք տարեկան էր, երբ գնացին Ռուսաստան։ Մի քանի տարի այնտեղ են մնացել, հետո հետ են վերադարձել։ Առաջին դասարան գնացել է մեր Արարատ գյուղի երկրորդ միջնակարգ դպրոցը։ Երրորդ դասարանից նորից տեղափոխվել են ՌԴ»,- ասաց հորաքույրը։

Մայիսը հայրենիքը շատ էր սիրում։ Հայաստանից դուրս ապրել ոչ միայն չցանկավավ, այլեւ՝ չկարողացավ։ Ապագա զինվորը Հայաստան հետ վերադառնալու որոշման շուրջ երկար չի էլ մտածել։ «Հինգ տարի ապրելուց հետո հետ վերադարձավ՝ պապայիս ու մամայիս մոտ էր մնում։ Չէր սիրում Ռուսաստանը, երբեք չէր ուզում մնար։ Հնարավորություն կար, որ դառնար ՌԴ քաղաքացի, բայց չի ցանկացել, որոշեց որ ինքը հայ է, պետք է ունենա հայկական անձնագիր և ծառայի հայոց բանակում»,- պատմեց հորաքույրը։


Մարիամ Գրիգորյանը եղբորորդու մասին անցյալով չի խոսում։ Բառեր ընտրելիս էլ համեստ է՝ այնպիսին ինչպիսին Մայիսն էր, համեստ, դաստիարակված ու խելացի։ «Բոլորը սիրում էին իրան, ու իրա կորուստը բոլորի համար շատ ցավալի էր, ամբողջ մեր գյուղը ցավում է, բոլոր նրանք ովքեր ճանաչել են, կամ ուղղակի իմացել են նրա մասին»,- մեզ հետ զրույցում ասաց հորաքույրը։ Մայիս Գրիգորյանը դպրոց մեկ տարի ուշ է գնացել՝ ՌԴ-ում գտնվելու պատճառով։ Դպրոցում լավ է սովորել։ Ավարտելուց հետո ցանկացել է Պոլիտեխնիկ ընդունվել՝ ծրագրավորող էր ուզում դառնալ։ Դրա համար նաեւ առանձին պարապել է։ Պայմանավորված կորոնավիրոսով, Բուհ ընդունվել Մայիսին չի հաջողվում։ Որոշում է հայոց բանակում ծառայելուց հետո, անպայման ընդունվել Պոլիտեխնիկ և իրականացնել երազանքը։

Մայիս Գրիգորյանը բանակ զորակոչվել է 2020 թվականի օգոստոսի 4-ին։ Կարանտինն անցկացրել է Մարտակերտում։ Մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 4-ին նրան տեղախոփել են Եղնիկներ։ Ու դարձյալ պայմանավորված համաճարակով հարազատները նրան ծառայության ընթացքում այցելել չեն կարողացել։ Կարոտը փորձել են մեղմել հեռախոսազանգերի միջոցով։ Մայիսը գրեթե ամեն օր հարազատներին զանգահարել է, ծառայությունից երբեք չի դժգոհել։ «Ամեն օր երեկոյան 8-9-ը իրա զանգելու ժամն էր։ Ամեն ինչից էլ գոհ էր։ Մենք բոլորս անհամբեր ամեն օր սպասել ենք իրա զանգին, ուղղակի մենք չկարողացանք գնային իրեն տեսնեին՝ կորոնավիրուս էր։ Մենք իրան որպես զինվոր չենք տեսել, մենք իրան զինվորի համազգեստով առաջին անգամ տեսանք, երբ որ բերել էին․․․․։ Ու երբ որ միշտ նկար էինք ուզում, ասում էր ոնց ուղարկեմ, կապ չկա․․․»,- ասաց հորաքույրը։


Պատերազմի առաջին զոհերից էր Մայիսը։ «Սեպտեմբերի 27-ի առավոտյան պատերազմի մեկնարկի առաջին զոհերից է եղել Մայիսը։ Մենք հանգամանքները չգիտենք, թե ոնց է եղել»,- մեզ հետ զրույցում ասաց հորաքույրը։ Մայիսի զոհվելու մասին հարազատները իմացել են պաշտոնական հաղորդագրությունից։ Հրապարկված զոհերի ցուցակում գտել են իրենց Մայիսի անունը։ Դին հարազատները գտել են Կապանի դիահերձարանից։ Անգամ մի պահ հարազատներից թվացել է՝ քնած է իրենց գեղեցիկ ու ժպտադեմ Մայիսը։
Քսանամյակը Մայիսն էլ չնշեց, թողնելով բազմաթիվ անավարտ երազանքներ։ Ծառայության մեկնելիս խոստացել էր անպայման հետ վերադառնալ, որ կրթություն ստանար, ու հայրիկից նվեր՝ սև նիվա։


Ցավոք պատերազմը խլեց Մայիս Գրիգորյանի կյանքը։ Գյուղի ճանապարհը պատելով սև ժապավենով։
Մայիս Գրիգորյանին հուղարկավորել են հայրենի գյուղի գերեզմանատանը։ Հարազատներն ամեն օր են նրա շիրիմին այցելում։ Թարմ ծաղիկների ու ծխացող խունկի բույրին ամեն օր միախառնվում է նաեւ տատիկի պատրաստած ուտելիքը, որից բաժին է հանում իր առաջնեկ թոռնիկի՝ Մայիսի համար։

Փայլակ Ֆահրադյան

irakanum.am

Back to top button
Close