Նորություններ

«Մի օր երեխես ապարատով կարողացավ ապրել… երևի բժիշկներն էլ ի զորու չէին այդ արհավիրքի դեմ պայքարելու»

Հրետանավոր Էդգար Բաղումյանը երեք ամսվա ծառայող էր, երբ սկսվեց արցախյան երկրորդ պատերազմը: 18-ամյա ժամկետային զինծառայողը մեկ ամիս համառ մարտեր է մղել թշնամու դեմ, ինքնաթիռի արկից ստացել  ծանր վիրավորում:

«Մենք սեպտեմբերի 26-ին որոշել էինք գնալ Արցախ, ամսի  24-ն էր, տղաս զանգեց, ասաց՝ մամ, չգաք, մենք բարձրանում ենք դիրքեր՝ մարտական գործողությունների: Ես հարցրեցի՝ տղես, գործողությունների՞, թե՞ զորավարժությունների, որովհետև դրանք այլ բաներ են: Ասացի՝ դե մի 3 օր կտևի, ասաց՝ մամ, անորոշ ժամանակով է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է ժամկետային զինծառայողի մայրը՝ Էլիզա Շահնազարյանը:

Էդգար Վրեժի Բաղումյանը ծնվել է 2002թ.-ի մարտի 10-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում: 2020թ.-ի հուլիսի 10-ին է զորակոչվել բանակ. սկզբում՝ Ասկերանում, իսկ հետո  տեղափոխել են  Ստեփանակերտի զորամաս:

Էդգար Բաղումյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

«Պատերազմի սկզբի օրերին տեղափոխել են Ջաբրայիլ՝ Ջրական, 4-5 օր կռիվ են տվել, հետո տեղափոխել են Ֆիզուլի-Աղդամ հատվածում մասնակցելու մարտական գործողությունների: Այնուհետև տեղափոխել են Մարտունի՝ Ճարտարում մարտերը շարունակելու:

Նույնիսկ էդ ժամանակ որ զանգում էր, ասում էր, որ ինքը լավ է, իր տեղը ապահով է:

Պատերազմի  սկզբի օրերին 4-5 վրկ. էր զանգում, իսկ հետո գրեթե ամեն օր  էր զանգում: Ասում էր՝ մամ, մենք ապահով տեղ ենք, հանգիստ եղեք:

Մեր երեխեքը դժոխք են տեսել. 18-20 տարեկան երեխեքը տեսան այն, ինչը սարսափ ֆիլմերում կտեսնես:

Էդգարս չէր ընկրկում, ինքը պատերազմի ժամանակ էլ մեզ հուսադրել է, ասում էր՝ մամ, սաղ լավ է  լինելու, ամեն ինչ նորմալ է»,- շարունակում է տիկին Էլիզան:

Արցախյան պատերազմում զոհված 18-ամյա զինծառայողի մոր խոսքով՝ որդին իր ծառայությունից էլ  երբևէ  չի  դժգոհել, Էդգարը արագ է հարմարվել զինվորական կյանքին:

Էդգար Բաղումյանի հետ վերջին անգամ հարազատները խոսել  են հոկտեմբերի 26-ին:

«Միշտ ինձ էր զանգահարում, բայց չհասկացա, թե ինչու էր  էդ օրը սովորությունը փոխել. ամուսնուս էր զանգել:

8։30 էր զանգել, ասել էր՝ պապ,  հո քնա՞ծ չեք (երեխեդ պատերազմի մեջ է, ոնց կարող էիր քուն-դադար ունենալ), զգույշ էր խոսում՝ մտածելով, որ ես կարող եմ քնած լինել:

Սուրճ էր պատրաստում ընկերների համար, ահագին խոսեց…

Ասացի, որ երրորդ հրադադարն է, բալես, ասաց՝ մամ ջան, չենք կարող երկար ձգել. կամ էս կողմ, կամ էն կողմ, ուրիշ ձև չկա: Ասացինք՝ սուրճը խմես կզանգես… երանի չասեի՝ սուրճդ հանգիստ խմիր, կզանգես:

Ասաց՝ լավ, մամ ջան, կզանգեմ… հետո  կռիվ է սկսվել, ռմբակոծություն է եղել  2։30-3։30-ի մոտակայքում, և Էդգարս ինքնաթիռի արկից գլխի հատվածում վիրավորում է  ստացել:

Հրամանատարը Էդգարին միանգամից ուղարկել  է Հայաստան՝ հույս ունենալով, որ Էդգարի կյանքը կարող են փրկել»,- պատմում է տիկին Էլիզան:

Էդգար Բաղումյանին սկզբում տարել են Գորիսի հոսպիտալ, հետո Երևան. բժիշկները  զինծառայողին հետազոտելուց հետո ասել են, որ հրաշքի սպասեն:

«Մի օր երեխես ապարատով կարողացավ ապրել… ամսի 28-ին մահացավ: Իմ երեխեն մի օր պայքարեց, բժիշկներն ասում էին՝ միայն հրաշքը  կարող է փրկել ձեր տղային… էդ հրաշքը ոչ իմ  երեխային  փրկեց, ոչ մյուս երեխաներին: Երևի բժիշկներն էլ ի զորու չէին այդ արհավիրքի դեմ պայքարելու:

Հիմա ես ապրում եմ Էդգարիս հուշերով, նկարի հետ խոսելով, սառը շիրմաքարը համբուրելով:

Էդգարս  իմ ավագ որդին է. բարի էր, կամեցող, ընկերասեր, զիջող: Երբեք իրեն չարացած և բարկացած չէիր տեսնի: Էդգարս շատ համբերատար էր… եթե  ինչ-որ բանից անհանգստացած էլ էր լինում, ցույց չէր տալիս, միայն ես  էի դա զգում, որ ինչ-որ մի բանից նեղվել է:

Մեր ընտանիքը միշտ կյանքը սիրել  է, մենք կյանքով լցված ենք ապրել, բայց հիմա մեր կյանքը 360 աստիճանով փոխվել է: Էդգարի հետ կյանքը ուրիշ էր, իսկ Էդգարի մահից հետո լրիվ ուրիշ: Էդգարից հետո նույնիսկ հսկայական արևը չի կարող տաքացնել մեր սրտերը:

Ցավը ամբողջ կյանք  մեզ ուղեկցելու է, բայց մեր տղերքի հիշատակը պիտի վառ պահենք… հիշենք, որ նրանք ապրեն:

Պատերազմը մեր երեխեքին միանգամից հասունացրեց. տղաս 18 տարեկան էր, բայց տպավորություն էր՝ 30-40 տարի հասցրել էր ապրել…»,- եզրափակեց արցախյան պատերազմում զոհված 18-ամյա ժամկետային զինծառայողի մայրը՝ Էլիզա Շահնազարյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close