Նորություններ

404 պատվաստում «Սպուտնիկ V»-ով, 625` AstraZeneca-ով. պատվաստումների պատկերը Շիրակի մարզում. ի՞նչ մտահոգություններ ունեն մարդիկ

Ապրիլի 13-ից Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը։

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանի խոսքով՝ Շիրակի մարզում պատվաստումների լավ ցուցանիշ ունենք:

«Այս պահի դրությամբ իրականացրել ենք 1029 պատվաստում, որից 404-ը «Սպուտնիկ V», իսկ 625-ը AstraZeneca-ով: Մեկ ամիս դեռևս չկա, ինչ մեկնարկել է պատվաստումների գործընթացը, և կարծում եմ, որ վատ ցուցանիշ չէ:

Նախարարի «436 Ա» հրամանով «Սպուտնիկ V»-ով պատվաստվում են 18-54 տարեկան անձինք (54-ը ներառյալ), իսկ AstraZeneca-ով՝ 55 և բարձր տարիքի անձինք»,- ԳԱԼԱ-ի հետ  զրույցում հայտարարեց Լեյլի Ասլանյանը:

Հինգշաբթի օրվանից սկսվել է շրջիկ  խմբի կողմից  պատվաստումների  իրականացումը Շիրակի մարզում:

«Առողջապահության նախարարի հրամանով  ստեղծվել է նաև շրջիկ խումբ. դա Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի Շիրակի մասնաճյուղի մասնագետների հետ միասին իրականացնում են առաջնային օղակի իմունիզացիոն կաբինետների պատասխանատուները:

«Մենք շրջիկ կայանը տեղակայել ենք հրապարակում, և այդ մասին տեղեկատվական ռոլիկներ են պտտվում. ՀՎԿԱԿ-ն է պտտում, մենք մարզպետարանի կայքում տեղադրեցինք, ՀՎԿԱԿ-ի մասնագետը բարձրախոսով խոսում են, ներկայացնում, մարդիկ մոտենում են»,- նշեց Ասլանյանը:

Լեյլի Ասլանյանը, անդրադառնալով պատվաստանյութերի հետ կապված մարդկանց  մտահոգություններին, ասաց.

«Մարդիկ սոցիալական ցանցերից տարատեսակ ինֆորմացիաներ են լսում, և բնական է, որ նրանց  մոտ հարցեր են ծագում, և մարդիկ ուզում են լսել այդ հարցերի պատասխանները»:

Մարդկանց, ովքեր ռիսկերն ու հնարավոր վտանգները հաշվի առնելով երկընտրանքի առջև են՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ, Ասլանյանը հորդորեց.

«Որպեսզի մենք կարողանանք նվազեցնել ծանր և  ծայրահեղ ծանր,  ինչպես  նաև մահացության թվերը, ապա ցանկալի է, որ մարդիկ  պատվաստվեն: Պարզապես պետք է գիտակցել, որ այս պատվաստումը ստանալով չի կանխվում հիվանդացությունը, այլ մարդիկ կհիվանդանան ավելի թեթև ընթացքով, և ծայրահեղ ծանր դեպքեր չունենալով՝ կնվազեցնենք մահացության թիվը:

Պատվաստումը նպաստելու է ծանր դեպքերի և մահացությունների նվազմանը»:

Վերջինիս խոսքերով՝ առաջնային օղակի բժիշկները, իմունիզացիայի պատասխանատուները աշխատում են ռիսկի խմբում գտնվող, խոցելի խմբերի հետ՝ բացատրելով, թե  ինչու է  իրենց անհրաժեշտ պատվաստումը:

Հարցադրմանը, թե արդյոք եղե՞լ է  դեպք, որ պատվաստվելուց հետո մարդը վարակվի, և հիվանդությունը  թեթև ընթացք ունենա, թե՞ այդպիսի դեպք չի արձանագրվել, Լեյլի Ասլանյանը պատասխանեց.

«Պատվաստման գործընթացը  ընդամենը մեկ ամիս էլ չկա մեկնարկել է, և այդպիսի տվյալներ մենք չունենք, տվյալները պետք է հավաքվեն և  վերլուծվեն:

Որոշակի ժամանակահատվածում տվյալների վերլուծություն կլինի, և մենք կունենանք պատկերը, բայց այս պահին մենք չունենք այդպիսի պատկեր»:

Լեյլի Ասլանյանը, անդրադառնալով մարզում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակին, ընդգծեց, որ իրավիճակը կայուն կառավարելի  է, թվերը նվազում են:

«Ստացիոնար  բաժանմունքները դադարեցրել են իրենց գործունեությունը, բայց այս պահին կան բուժվողներ, բայց մարզային կենտրոնները  արդեն փակվում են»,- եզրափակեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետը:

Back to top button
Close