«Քոչարյանն ասաց՝ գնացե՛ք մեղավորին հարցրեք. ինքն ինձ արհամարհեց». Եռաբլուրում Ռոբերտ Քոչարյանին մոտեցած կինը նահատակված Կապավոր Կյաժի մայրն է
Եռաբլուրում Ռոբերտ Քոչարյանին մոտեցած կինը Գալինա Բաբայանն է՝ 44-օրյա պատերազմին նահատակված 32-ամյա Սուրեն Բաբայանի մայրը:
ԳԱԼԱ-ն զրուցել է տիկին Գալինայի հետ, խոսել որդու մասին՝ Կապավոր Կյաժի:
Նրան բոլորն այսպես էին դիմում, պատմում է տիկին Գալինան:
Շատ հարցեր ունի հերոսի մայրը, որոնց պատասխանները չի գտնում: Եռաբլուրում տեսնելով Ռոբերտ Քոչարյանին՝ մոտեցել է նրան այն ակնկալիքով, որ կգտնի որոշ հարցադրումների պատասխան:
«Եթե Նիկոլին հանդիպեի այնտեղ, նրան էի մոտենալու, անկասկած մոտենալու էի: Ինձ համար բոլորն էլ մեղավոր են, կմոտենայի նաև նրան, կուղղեի իմ հարցերը»,- ասում է տիկին Գալինան:
«Ես ընդամենը ուզեցի հարցնել՝ ինչո՞ւ տղաներին 42 օր Աղդամում մնալուց հետո, երբ արդեն տեղանքին սովորել էին, տեղափոխեցին Շուշի, որտեղ հայտնվեցին շրջափակման մեջ: Այս հարցն ինձ շատ է տանջում: Քոչարյանն ասաց՝ գնացեք մեղավորին հարցրեք:
Ես նրան նաև հարցրեցի՝ ո՞ւր եք գնում, պատասխանեց, թե իմ բարեկամի գերեզմանին: Ասացի՝ այդ դեպքում դուք չմտնեք Եռաբլուր, որովհետև ի՞նչ է նշանակում իմ բարեկամին… ինչու բոլոր զոհերը իր բարեկամները չե՞ն: Երբ որ ինքը ինձ արհամարհելով առաջ գնաց, ես վրդովվեցի… Տղան էլ էր այդտեղ, ասացին՝ իր որդին էլ է գնացել: Ես պատասխանեցի, որ իմ ընտանիքից էլ երկու հոգի է կռվել այս պատերազմին…
Բա ես չիմանա՞մ՝ իմ տղան ինչու է ընկել շրջափակման մեջ: Ես չգիտեմ՝ ով է մեղավոր, որը որքանով է մեղավոր այդ զոհերի համար, բայց Նիկոլը, ինձ թվում է, ինձ չէր արհամարհի, կխոսեր իմ հետ, իմ վիշտը ինձ հետ կկիսեր, որ ես էլ իրեն չվիրավորեի: Եթե արհամարհելով չհեռանար, ոչինչ էլ չէի ասի, որ տեսա նման վերաբերմունք, ես դրա համար ասացի՝ ատում եմ քեզ… Ինձ համար բոլորն են մեղավոր…»:
Տիկին Գալինային խնդրեցինք պատմել իր որդու մասին:
«Իմ տղան հայրենասեր էր… ես էլ եմ հայրենասեր»,- այսպես է սկսում որդու մասին պատումը:
Փարաքարցի Կապավոր Կյաժը ծնվել է 1989թ. ապրիլի 3-ին։ Զորակոչվել է Էջմիածնի զինկոմիսարիատից 2008 թ. դեկտեմբերի 2-ին։ Ծառայել է ԼՂՀ-ի Եղնիկների զորամասի 3-րդ գումարտակում, որտեղ հրամանատարը եղել է Կարեն Ջալալյանը: Ծառայության ընթացքում եղել է կապավոր։ Զորացրվել և տուն է վերադարձել 2010թ.-ին: Վերադառնալուց անմիջապես հետո մոտ երեք տարի աշխատել է ներքին զորքերում: Հետո, մինչև չարաբաստիկ պատերազմի օրը, աշխատել է Բանանցի ստադիոնում: Պատերազմի լուրն իմանալուն պես եղբոր հետ որոշել են անմիջապես մեկնել առաջնագիծ:
«Ամսի 28-ն էր: Կյաժս ինձ զանգեց ասաց՝ մերս, գնում եմ պատերազմ, ուզում եմ քեզ հաջող անեմ: Նույն օրը միջնեկ տղաս էլ հայտնեց պատերազմի գնալու մասին լուրը: Ասում եմ՝ ա՜յ քեզ բան, ի՞նչ զուգադիպություն: Երկուսդ մի տարվա մեջ 6 ամսվա տարբերությամբ գնացիք բանակ, հիմա երկուսդ էլ գնում եք պատերազմ: Աստված վկա, ես դեմ չեմ կանգնել, թե մի՛ գնացեք պատերազմ: Ասել եմ՝ ես օրհնում եմ ձեզ, տղերք ջան: Սիրտս ցավում է, լացում եմ, բայց Աստված ձեզ հետ, գնացեք… Այդպես, երկուսն էլ նույն օրը գնացին: Կյաժս գնաց Աղդամ՝ կապի վրա: Իսկ փոքրս՝ Անդոս, գնաց Հադրութ: 20 օր կռվելուց հետո, երբ Սև Հովազի հետ դեպքը պատահեց, իրենք տուն եկան, բայց Կյաժս մնաց: Ամեն օր զանգում էր, շատ քիչ խոսում էինք: Այնքան որ ասում էի զանգի, ձայնդ լսեմ: Ասում էր՝ մամ ջան, դու լավատես եղիր, հաղթելու ենք, հաղթանակած հետ ենք գալու, մենակ դու օրհնի: Նոյեմբերի 5-ի լուսաբացին զանգեց, ժամը 5-ն էր: Այս զանգն ինձ շատ անհանգստացրեց… ասի՝ Կյաժ ջան, խեր լինի, այս ժամին զանգել ես: Տղաս ասաց՝ զանգել եմ հաջող անեմ, մեզ տանում են Շուշիի մատույցներ, անհասանելի կլինեմ… Սա իմ վերջին զրույցն էր իմ Կյաժի հետ: Տղաս զոհվել է նոյեմբերի 6-ին: Նոյեմբերի 8-ին իմ ծննդյան օրն էր: Որ չզանգեց, հոգիս տակնուվրա եղավ: Ասի՝ իմ Կյաժից չէր սա, որտեղ էլ լիներ, իմ ծնունդը կշնորհավորեր: Սկսեցի զանգել թեժ գծերին, ասում էին՝ ոչ զոհերի մեջ կա անունը, ոչ վիրավորների»:
Որդու մարմինը Շուշիից հանել են նոյեմբերի 13 -ին, մարմինը ընտանիքին հանձնել են նոյեմբերի 19-ին: Մարմինը ամփոփվել է Եռաբլուրում:
Տիկին Գալինան ասում է՝ իր համար անհավատալի էր որդու կորուստը, որովհետև Սուրենը շատ ակտիվ էր, անհնար, անլուծելի խնդիրներ չկային նրա համար:
«Գնդապետն ասաց, որ Կյաժը պետք է հուղարկավորվի Եռաբլուրում: Ասում էր՝ դուք գիտե՞ք՝ ինչ տղա եք ունեցել… Մինչև վերջին շունչը կռվել է»…
Սուրենն ընկել է դիպուկահարի կրակոցից:
«Հետո մոտեցել են քիթն են վնասել, ատամները ջարդել, մարմնին ևս հարվածներ են հասցրել…
Տղաները պատմում են, որ բոլոր մարտական հանձնարարությունների ժամանակ հաշվի չէր առնում իր կապավոր լինելու փաստը, այնտեղ էր, որտեղ վտանգն էր և որը հաղթահարելու և հաղթանակած դուրս գալու դժվարին ճանապարհին երբեք չէր վարանում… Ես հերոս տղա եմ կորցրել»: