Ընտրական գործընթացները դատական գործընթացների հետ որևէ աղերս չունեն. դատախազն առարկեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությանը

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն այսօր կրկին հետաձգվեց:
Ամբաստանյալներից Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց հետաձգել սույն գործով քննությունը և նշանակել այն հունիսի 20-ից հետո։ Նրա խոսքով՝ հունիսի 20-ին երկրում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը՝ գլխավորելով «Հայաստան» դաշինքը։ Ըստ պաշտպանի՝ Ռ․Քոչարյանը, ինչպեսև ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած յուրաքանչյուր անձ, ունի քարոզարշավ իրականացնելու սահմանադրական իրավունք։ Նախընտրական շրջանում նշանակված նիստերը կարող են խոչընդոտել նրա հանդիպումներին և քարոզարշավն իրականացնելուն։ Խոսքն ընդհամենը երեք դատական նիստի մասին է։
Մյուս ամբաստանյալի՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ միջնորդեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով իր պաշտպանյալի առողջական վիճակը։ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Արմեն Գևորգյանը գտնվում է ամբուլատոր վերահսկողության տակ, և խնդրեց նոր նիստ նշանակել մայիսի 25-ից ոչ շուտ։
Մեղադրող կողմը, սակայն, առարկեց Քոչարյանի պաշտպանի միջնորդությանը: «Ընտրական գործընթացները դատական գործընթացների հետ որևէ աղերս չունեն»,- ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը: Նրա խոսքով՝ անձինք ընտրելու և ընտրվելու սահմանադրական իրավունք ունեն: «Այդ անձինք կարող են լինել և՛ կալանավորված, և՛ ձերբակալված, և՛ ազատության մեջ: Դրանով պայմանավորված՝ չի կարող զուգահեռ անցկացվել, թե բոլոր անձինք պետք է հավասար պայմաններ ունենան ազատ ընտրական գործընթացներին մասնակցելու համար: Ցանկացա անձ, քանի դեռ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված չէ, ունի ընտրելու և ընտրվելու սահմանադրական իրավունք: Հետևաբար, դա չի կարող պատճառ հանդիսանալ՝ դատարանում միջնորդություն ներկայացնել»,- նշեց Պետրոսյանը՝ առարկելով միջնորդությանը:
Իր հերթին, դատավոր Դանիբեկյանը տեղեկացրեց, որ մյուս շաբաթ ինքը մասնակցելու է Արդարադատության ակադեմիայի դասընթացներին և չի կարող ներկայանալ։ Արդյունքում հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին։