ՄիջազգայինՆորություններ

Իսպանացիները բուռն կերպով են նշել կարանտինի ավարտը

«Ազատություն» վանկարկող ոգեւորված իսպանացիները պարել են փողոցներում և զվարճացել լողափերում, երբ երկրի մեծ մասում չեղարկվել են COVID-19-ի վեցամսյա կարանտինային սահմանափակումները: Ամանորյա տոնակատարություններ հիշեցնող տեսարաններում հարյուրավոր երիտասարդներ հավաքվել են Մադրիդի Պուերտա դել Սոլ հրապարակում՝ կեսգիշերը ծափահարություններով դիմավորելու համար, իսկ Բարսելոնում խմիչքներով «զինված» մարդիկ գնացել են լողափեր: Նրանց մեծ մասն առանց դիմակի է եղել, շատերը համբուրվել են, գրկախառնվել, երգել եւ պարել:

Եվրոպայում ամենաշատ տուժած երկրներից մեկում՝ Իսպանիայում, կորոնավիրուսի հետեւանքով արձանագրվել է մահվան 78,792 և վարակման 3,6 միլիոն դեպք: Սակայն վարակվածության տեմպերի նվազումը և պատվաստումների արագ ընթացքը թույլ է տվել չեղարկել կարանտինը 17 շրջանների մեծ մասում:

Միայն չորս մարզերում են պահպանվել սահմանափակումները՝ Բալեարյան ու Կանարյան կղզիներում, Նավարայում և Վալենսիայում:

Քանի որ երկրի տարբեր քաղաքների կենտրոններում իմպրովիզացված երեկույթներ են սկսվել, ոստիկանությունը ոգելից խմիչքներ օգտագործողներին հիշեցրել է, որ դրսում խմելն արգելված է, սակայն դա շատ քչերին է կանգնեցրել:

Back to top button
Close