ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Հնի ու նորի», «հաղթածի ու կապիտուլյանտի՞» ընտրություն. Գնա՞լ ընտրության, ու՞մ ընտրել

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի  առաջարկը մարտավական քայլ էր: Նա փորձեց ցույց տալ, թե ներազգային միասնությանը ովքեր են դեմ։

Այս կարծիքին է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:  ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում անդրադառնալով Տեր-Պետրոսյանի հայտարարություններին՝ Մելիքյանը նշեց.

«Մենք խոսում ենք շատ կոնկրետ քաղաքական դերակատարների մասին, որոնց միասնաբար հանդես գալը խիստ կասկածելի է՝ հնարավորության տեսանկյունից, և դա անհամատեղելիի համատեղում կլիներ, որի իրական հետևանքներն էլ դժվար կլիներ հաշվարկել»:

Արման Մելիքյանն ասում է ՝ առաջիկա ընտրությունները կլինեն ծանր և հոգեմաշ, որոնք արմատական փոփոխություններ մտցնել չեն կարող արտաքին աշխարհի հետ հարաբերվելու ձևի մեջ:

«Գոնե առայժմ, առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում որ թիմն էլ գա իշխանության կամ մնա իշխանության, ստիպված է լինելու առժամանակ տանել այն արտաքին քաղաքական գիծը, որն առկա է այսօր և որը մեծապես առայժմ շատ ավելի ռուսամետ է»:

Փաշինյանի թիմը շարունակելու է հնի և նորի պայքար դիտարկել գործընթացը, իսկ նրա հիմնական հակառակորդները բարձրաձայնելու են, որ «հաղթողների և կապիտուլյանտների» միջև է պայքարը: Արման Մելիքյանի կարծիքով՝ երկու դեպքում էլ քաղաքացու համար դիսկուրսը բացասական է լինելու:

«Թիմերից որևէ մեկն այսօր պատրաստի պատասխաններ չունի անգամ իր համար: Երկու մոտեցումն էլ՝ «հնի ու նորի», «հաղթածի և կապիտուլյանտի», քաղաքացու հայացքը ուղղում են դեպի անցյալ, ոչ դեպի ապագա»:

Back to top button
Close