«Սյունիքում կատարվածը ցույց տվեց, որ դաժան պայքար է լինելու, ինչպես 2008թ.-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը իշխանությունը փոխանցում էր Սերժ Սարգսյանին»

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը վերահաստատեց իր առաջարկը, բայց ես համամիտ եմ այն կարծիքի հետ, որ Տեր-Պետրոսյանը դրանով ցույց տվեց, որ իրենք չեն մասնակցելու ընտրություններին»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին:
Հիշեցնենք, որ վերջինս երեկ վերահաստատել է մարտի 25-ին արված իր առաջարկը՝ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:
Նախկին նախագահը իր հայտարարությունում նշել է. «Այսօր ես հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին։ Համոզված եմ, որ համապատասխան հասարակական ճնշման պարագայում դա միանգամայն իրականանալի ծրագիր է, որը թերևս նոր աղետներից խուսափելու միակ ելքն է։ Ողջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները»:

Իրավապաշտպանի խոսքով՝ երբ կարդացել է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը, իր աչքի առջև մարտի 1-ն եկել. այն փոխադարձ ատելությունը, որ կար Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև, մարդիկ դրա մասին չեն մոռացել:
«Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն այն անձինք են, ովքեր իրենց ծրագրերի մասին երբեք բացահայտ չեն խոսել և ոչ էլ կխոսեն: Թե հիմա նրանք ինչ են մտածել իրար հետ անել, կերևա ընտրություններին: Նրանց միմյանց դեմ պայքարը, կարծում եմ, ձևական բնույթ է կրում, նրանք միասին ինչ-որ մի բան են մտածել, նախկին նախագահները երբեք էլ վստահություն չեն ներշնչել»:
Ժաննա Ալեքսանյանն ասում է, որ ինքը վտանգի կանխազգացում ունի՝ կապված արտահերթ ընտրությունների հետ:
«Սյունիքի մարզում կատարվածը ցույց տվեց, որ դաժան պայքար է լինելու, ինչպես 2008թ.-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը իշխանությունը փոխանցում էր Սերժ Սարգսյանին: Հիշում ենք՝ ինչ եղավ, զոհեր ունեցանք, վիրավորներ: Այս ընտրությունները լարված է լինելու:
Եթե Մեղրիում Փաշինյանի մեքենայի վրա են բարձրանում, հայհոյում են, ո՞նց կարող է այդ քաղաքացին պատրաստ լինել ընտրության:
Մարդիկ հարցերի պատասխան են փնտրում՝ ով էր մեղավոր, ինչի է վիճակն այսպիսին, ինչի ենք մենք ապրում անօրեն երկրում, որտեղ ոչ ոքի չեն կարող պատժել, որովհետև դատական համակարգը չի վերափոխվում: Ես ցավում եմ, որ ժողովուրդը հայտնվել է այս իրավիճակում, և իսկապես ժողովուրդը ընտրություն է կատարելու վատի և վատթարագույնի միջև»:
Ալեքսանյանի խոսքով՝ պետք է միջավայր ստեղծվեր ընտրությունների համար և հետո նոր հայտարարել ընտրությունների գնալու մասին:
«Վարչապետի պաշտոնակատարը այս երկրում չի կարող ոչ մի բան անել, ես չգիտեմ՝ իրենք ինչի մասին են մտածում: Ես շատ կուզենայի հարցնել՝ ինչ են մտածում իշխանությունները, որովհետև այն, ինչ մտածում են իշխանությունները, բացարձակապես կապ չունի մեր սպասելիքների, մեր հետաքրքրությունների հետ:
Ներկայիս իրավիճակը շատ տխուր է ինձ համար՝ զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ. ոչ ոք չի հիշում այս մասին: Մարդիկ իրենց շահերն են առաջ տանելու, և դա ինձ համար ոչ բարոյական կատեգորիաներից է»,- եզրափակեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Անահիտ Չալիկյան