Նորություններ

Մանրամասներ Էջմիածնի աղմկահարույց դեպքից. սպանվածը «Դոն Պիպոյի» թիկնապահներից էր

Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղայի դի:

Դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 30-ից ավելի կրակված պարկուճներ, իսկ կրակոցի վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վթարված Hyundai Elantra ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր, իսկ կրակոցների արդյունքում էլ վնասվել է քաղաքացուն պատկանող, իր տան առջև կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենա:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանվածը քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» (Արթուր Ասատրյան) թիկնապահներից էր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ՝ 29-ամյա Ռազմիկ Սողոյանն էր։

Փաստի առթիվ Դ. Բարոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Գաբրիելյանի և Վահե Սամսոնյանի գլխավորությամբ:

Այս պահին քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաև Վաղարշապատի դատախազ Կարեն Խաչատրյանը:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում են Դ. Բարոյանն ու Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցը:

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանն ու երկրորդ վարչության պետ Վահե Մուշեղյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close