Նորություններ

The New York Times-ի դասը՝ Հայոց ցեղասպանության մասին

The New York Times-ն իր «Օրվա դասը» խորագրի հերթական թողարկումը նվիրել է Հայոց ցեղասպանության թեմային

Ամերիկյան հեղինակավոր The New York Times թերթն օրերս կրկին անդրադարձել էր Հայոց ցեղասպանության հարցին իր «Օրվա դասը» խորագրի հերթական թողարկման շրջանակում: Սա թերթի երկրորդ անդրադարձն է Հայոց ցեղասպանությանը այս խորագրի ներքո: Առաջին անգամ այն հրապարակվել էր դեռևս 2015 թվականի ապրիլի 16-ին ու նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Օրերս հրապարակված «Teaching About the Armenian Genocide With The New York Times» անդրադարձն, ըստ թերթի, հնարավորություն է ընձեռնում տեղեկանալ նախագահ Ջո Բայդենի «ցեղասպանություն» եզրույթը օգտագործելու որոշման մասին, ծանոթանալ թերթի՝ այս թեմայի շուրջ արխիվներին 1915 թ.-ից ի վեր, տեղեկանալ, թե ինչու է այսօր ԱՄՆ փոխել իր քաղաքականությունն այս հարցի վերաբերյալ և ինչ է նշանակում այս հարցում ամերիկյան վարչակազմի քաղաքական ուղեգծի փոփոխությունը:

Going Further հատվածում խմբագրությունն առաջարկում է մի շարք գաղափարներ հետագա հետազոտությունների համար: Դրանք են՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ The New York Times-ի արխիվների ուսումնասիրությունը, կիրառվող եզրույթի ընտրությունն ու ցեղասպանությունը մոռացության տալու վտանգների մասին խորհերը:

Արխիվների ուսումնասիրության ընթացքում The New York Times- ն առաջարկում է ծանոթանալ 1915-1917 թթ.-ի իր ավելի քան տասը հրապարակումներին՝ նվիրված Օսմանյան կայսրության տարածքում հայերի բնաջնջմանը, որոնք հնարավորություն կտան խորանալու Հայոց ցեղասպանության պատճառների ու հետևանքների հարցում, ծանոթանալու The New York Times-ի աղբյուրներին ու տեղի ունեցած աղետի ծավալներին:

Եզրույթի կիրառման հարցում թերթն ընդգծում է դրա կարևորությունը: Անդրադառնալով Թուրքիային՝ այն հիշեցնում է, որ այսօր Անկարան չի ժխտում, որ հազարավոր հայեր սպանվել են Օսմանյան կայսրության փլուզման ժամանակ, իսկ Թուրքիայի նախագահը ցեղասպանությունը որակել է որպես «տեղահանություն»՝ մեկ անգամ էլ այն որակելով «ողջամիտ» այդ ժամանակահատվածի համար: Թերթը տեղեկացնում է, որ մինչև 2004 թվականը New York Times-ը պաշտոնապես չէր օգտագործում «ցեղասպանություն» եզրույթը 1915 թ.-ին հայերի հետ կատարվածը նկարագրելու համար՝ փոխարենը օգտագործելով «ողբերգություն» կամ «թուրքական ջարդեր» արտահայտությունները: Որքանո՞վ է կարևոր «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը և ինչո՞վ է պայմանավորված այդ կարևորությունը: Այս և նմանատիպ այլ հարցերի շուրջ թերթն առաջարկում է անցկացնել քննարկումներ:

Ցեղասպանությունը մոռացության տալու վտանգների շուրջ քննարկման գաղափարի պարագայում թերթն առաջարկում է անդրադառնալ նաև դպրոցներում այս հարցը դասավանդելու անհրաժեշտությանը, ինչպես նաև ցեղասպանությունը մոռացության մատնելու կամ ժխտելու հետևանքներին: The New York Times- ը շեշտում է՝ եղել են ժամանակներ, երբ Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչումը եղել է կամ անօրինական կամ վտանգավոր:

Այն հիշատակում է հայ լրագրող Հրանտ Դինքի գործունեությունը Թուրքիայում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման ուղղությամբ՝ հիշեցնելով, որ 2007 թ-ին Ստամբուլում Դինքը սպանվել է ծայրահեղ ազգայնականների կողմից:

Ընդհանուր առմամբ ուսուցողական բնույթ կրող համառոտ այս անդրադարձը կարող է օգտակար լինել նաև բարձրագույն դպրոցի սաների ու համալսարանների ուսանողների համար: Հրապարակմանը կից The New York Times-ը ներկայացրել է կարճ մի տեսանյութ, որն ընդհանուր պատկերացում է տալիս Հայոց ցեղասպանության հիմնախնդրի մասին:

amerikayidzayn.com

Back to top button
Close