ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ

Փարիզում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովին կանչել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն՝ կապված եվրոպացի պաշտոնյաների նկատմամբ Մոսկվայի պատժամիջոցների հետ: Այս մասին, ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, երեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

«Ինչպես ավելի վաղ հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը, Ֆրանսիան խստորեն դատապարտում է Ռուսաստանի իշխանությունների կողմից ապրիլի 30-ին հայտարարված միջոցառումները եվրոպական մի շարք քաղաքական գործիչների՝ այդ թվում  Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիի, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վերա Յուրովայի, ինչպես նաև ֆրանսիացի պատգամավոր Ժակ Մերի նկատմամբ: Մենք վերահաստատում ենք մեր համերաշխությունը և մեր զորակցությունը հայտնում նրանց», — ասել է ԱԳՆ խոսնակը: Նա նշել է, որ այդ միջոցները թույլ չեն տալիս ապահովել առկա լարվածության դեէսկալացիա:

«Մենք դա հայտնել ենք Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովին՝ նախարարությունում կայացած զրույցի ընթացքում: Մենք նաև նրան մեր մտահոգությունն ենք հայտնել կապված վերջին նախագահական հրամանագրի հետ, որը վերաբերում է տեղական աշխատողներին որպես դիվանագիտական ​​առաքելությունների աշխատակիցներ վարձելուն: Մենք կոչ ենք արել Ռուսաստանին՝ զերծ մնալ այդ որոշումն իրագործելուց», — ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ապրիլի 30-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ցուցակ էր հրապարակել, որում ներառվել են ԵՄ անդամ երկրների այն քաղաքացիների անունները, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է: Ցուցակում էր նաև ԵԽԽՎ ֆրանսիական պատվիրակության անդամը, ով մի շարք զեկույցներ է պատրաստել կալանավայրում Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Back to top button
Close