Նորություններ

«Այդ հանցագործությունների անպատիժ մնալը վտանգելու է նաև մյուս գերիների ճակատագիրը»

«Ոչ թե 19 գերիների խոշտանգման, սպանվելու հայտարարությունից հետո պիտի ակտիվ գործողություններ իրականացվեին, այլ նոյեմբերի 10-ից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:

«Եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո շարունակվել են գերեվարվել ինչպես խաղաղ բնակչություն, այնպես էլ զինվորներ:

Քանի որ ստորագրված է եղել փաստաթուղթը, ապա հայկական կողմը պետք է պահանջեր, որ նախ և առաջ որևէ տարածքների վերադարձի կամ բռնակցման մասին չխոսվի, մինչև կազմակերպված ձևով դուրս չբերվեն այդ տարածքների բոլոր այն ջոկատները, որոնք այդտեղ դեռևս վարում էին մարտական գործողություններ:

Նոյեմբերի 9-ից հետո՝ գերեվարման լուրը լսելուց հետո, բոլոր հնարավոր հարթակներով այդ հարցը պետք է դառնար քաղաքական օրակարգի քննարկման հարց:

Եռակողմ հայտարարության շրջանակներում Հայաստանը պետք է ձեռնարկեր ամեն բան, անգամ անհնարին թվացող, որ երբ Ռուսաստանը գերիների վերադարձի միջնորդությունն իր ձեռքն է վերցրել, ուղղակի ժամ առ ժամ զեկուցեր, թե ինչ է արվում գերիների վերադարձի մասով:

Լարիսա Ալավերդյան

Երբ տեղի է ունեցել այդ հանցագործությունը (խոսքը վերաբերում է և՛ խաղաղ բնակչությանը, և՛ զինվորներին), դա նշանակում է, որ Հայաստանը պետք է անմիջապես սկսի աշխատել միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների վերաբերյալ և պետք է սկսի գործընթացներ:

Քաղաքական դաշտում պետք է ոչ թե անեն հայտարարություններ և ասեն, որ մենք ամեն ինչ անում ենք, այլ պետք է ամբողջ հայությունը սկսի այնպիսի գործունեություն, որ այն դառնա համաշխարհային պայքարի առարկա, եթե դա չի արվում, ապա որևէ բան չի փոխվելու, այլ այդ հանցագործությունների անպատիժ մնալը վտանգելու է նաև մյուս գերիների ճակատագիրը»,- հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:

ՀՀ առաջին ՄԻՊ-ը ընդգծեց, որ պետք է այս ուղղությամբ աշխատել հասցեական, կետային:

Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական մշակութային կոթողների և եկեղեցիների պղծմանը, հայտարարեց.

«Ինչո՞ւ է շարունակվում Ադրբեջանի նման քաղաքականությունը, որովհետև Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս է: Մեզ պետք է հասկանալ, որ դա այն ոճն ու ձեռագիրն է, որը որդեգրվել է պետական մակարդակով, ոչ թե անթաքույց, այլ ցուցադրաբար:

Ադրբեջանը շարունակ հակադրվում է բոլոր միջազգային նորմերին, այդ թվում՝ հուշարձանների պահպանության, մինչև անգամ բնության, հետաքրքիր վայրերի կոնվենցիային:

Ադրբեջանը դա անում է, իսկ միջազգային հանրությունը լռում է, որովհետև միջազգային հանրության հետ պետք է աշխատել նախ և առաջ պետական մակարդակով և պետական մակարդակով ուղղորդվող բոլոր պետություններով: Չի լինում՝ միջազգային հանրությունը ինքն իրեն ուղղակի որևէ հաղորդում լսելով՝ սկսի աշխատել:

Տարիներ առաջ և ամբողջովին ոչնչացվեցին Ջուղայի խաչքարերը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին թույլ չտվեցին Ադրբեջանի իշխանությունները մուտք գործել, և դա մնաց այդպես անպատիժ: Ադրբեջանը, որի հանցագործությունները մնում են անպատիժ, ինչո՞ւ պիտի կանգ առնի. դա ոչ միայն բարբարոսություն է, այլ ուղղակի վայրենություն է և վայրենական ժամանակներին բնորոշ գործողություններ են:

Դա հայերին չպետք է զարմացնի, և հայտարարություններով գործը գլուխ չի բերվի, պետք է ակտիվ գործողություններ արվեն այդ ուղղությամբ»,- հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահը:

Ալավերդյանին զարմացնում է իշխանականների կրավորական կեցվածքը, և անհասկանալի է համարում նրանց խաղաղասիրության թեզերը:

«Միայն հանցագործությունները պատժելուց հետո, եթե յուր հանցագործություններն ընդունի և հետևողական կերպով հետապնդի կազմակերպիչներին և իրականացնողներին, դրանից հետո նոր կարելի է խոսել խաղաղության մասին:

Մնացյալը դատարկ, ձևական և ես կասեի՝ վիրավորական, անբարոյական կոչեր են:

Եվ մենք միակ ժողովուրդը չենք, որ հայտնվել ենք այս վիճակում. հիշենք նույն հրեաների ցեղասպանությունը: Գերմանիան ամբողջովին հրաժարվել է իր նացիստական քաղաքականությունից և ամբողջովին հետապնդել ու կարողացել է պատժել գլխավոր կազմակերպիչներին, ինչպես նաև հարյուրավոր իրականացնողներին, մինչև անգամ հատուցում է իրականացրել ցեղասպանության տուժածներին, և դրանից հետո նոր խոսում են Իսրայել-Գերմանիա հարաբերությունների մասին»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close