ՄիջազգայինՆորություններ

Ֆրանսիացի գեներալները սպառնում են խռովությամբ, աջ արմատականները նրանց կողքին են. ո՞ւմ է աջակցում բանակը

Ֆրանսիացի պաշտոնաթող 20 գեներալներ ցնցեցին Փարիզը: Նրանք կոչ արեցին հանդես գալ միգրանտների, իսլամիզմի և «արվարձանային ամբոխի» դեմ: Եվ ըստ էության նրանք սպառնում են պուտչով: Ի՞նչ է սա նշանակում, և ինչպե՞ս կարձագանքի Մակրոնը: Այս մասին գրում է Deutsche Welle-ն:

Բաց նամակը, որը ստորագրել են տարբեր կոչումներ ունեցող մի քանի հարյուր սպաներ, ովքեր ծառայել են բանակում, ոստիկանությունում և ժանդարմերիայում (ներառյալ մի քանի տասնյակ  ֆրանսիացի պաշտոնաթող գեներալներ) և որը սկզբում լուրջ չէր ընդունվել Փարիզում, մայիսի սկզբին հանրային լայն քննարկման արժանացավ: Այն դիտարկվեց որպես աջ արմատականների քաղաքական սադրանք 2022թ.-ին սպասվող նախագահական քարոզարշավի նախօրեին:

Նամակը, որը տպագրվել է Valleurs Actuelles ազգային-պահպանողական հրատարակությունում, լի է ոչ միայն տագնապալի կարգախոսներով, որ «Ֆրանսիան վտանգի տակ է» և «Եկել են ծանր ժամանակներ», այլև սադրիչ արտահայտություններով, մասնավորապես, «իսլամիզմի» վերաբերյալ, որը ոչնչացնում է երկիրը, ֆրանսիական պատմությունն ու մշակույթը, և միգրանտների՝ «արվարձանային ամբոխի»:

Այս հայտարարություններն ինքնին հասարակության մեջ թշնամանք և ատելություն են սերմանում մահմեդականների և միգրանտների նկատմամբ: Ավելին, նկարագրելով Փարիզի արվարձանները, «որտեղ տիրում է անօրինականությունը և բռնությունն ու վտանգն օրեցօր ավելանում են», նամակի հեղինակները իրականում սպառնում են պուտչով: «Եթե ​​կառավարությունը չգործի, դա կհանգեցնի վերջնական պայթյունի եւ մեր ակտիվ ընկերների միջամտության՝ ֆրանսիական քաղաքակրթությունն ու ազգը պաշտպանելու համար»,- զգուշացնում են նրանք:

Ովքե՞ր են նամակի հեղինակները և ո՞վքեր են աջակցել նրանց

Նամակը ստորագրած պաշտոնաթող գեներալներից մեկը՝ Արտասահմանյան լեգեոնի նախկին հրամանատար, 80-ամյա Քրիստիան Պիկեմալը, նախկինում հեռացվել էր բանակից աջակողմյան հայացքների համար: Մյուս երկուսը արմատական ​​աջակողմյան «Ազգային միավորման» ակտիվ անդամներ են: Ստորագրողների թվում կան նաև գործող 18 զինվորականներ, որոնց այժմ սպառնում է վաղաժամ կենսաթոշակը: Նամակի բոլոր հեղինակները կպատժվեն, ինչպես նշված է ֆրանսիական բանակի հրամանատարության հայտարարությունում, մասնավորապես՝ պաշտոնաթող սպաները կհեռացվեն պահեստազորից, որպեսզի նրանք բացասական ազդեցություն չունենան երիտասարդ զինվորականների վրա:

Նամակի հեղինակներին աջակցում է արմատական ​​աջակողմյան «Ազգային միավորման» առաջնորդ Մարին Լե Պենը: «Բոլոր ֆրանսիացի հայրենասերների պարտքն է ոտքի կանգնել և ինչ-որ բան անել երկիրը փրկելու համար»,-գրել է նա՝ ընդգծելով, որ դա պետք է լինի «խաղաղ պայքար»:

Երկար մտորումներից հետո իշխանությունները պատասխան քայլեր ձեռնարկեցին. ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հիշատակեց Մարին Լը Պենի հորը, ով 1960-ականներին սպաների օգնությամբ հիմնեց իր «Ազգային ճակատ» կուսակցությունը, որը դեմ էր Ալժիրում Շառլ դը Գոլի քաղաքականությանը: Հատկանշական է, որ խռովության ներկայիս սպառնալիքը հնչում է  Ֆրանսիայում հեղաշրջման ձախողված փորձի 60-ամյակին:

Ո՞ւմ է աջակցում ֆրանսիական բանակը

Հասարակական կարծիքի հարցումների արդյունքներից հայտնի է, որ Ֆրանսիայի զինված ուժերի շարքերում Մարին Լե Պենի կողմնակիցներն ավելի շատ են, քան քաղաքացիական անձանց շրջանում, ասում է Փարիզի Science Po հետազոտական ​​կենտրոնի քաղաքագետ Բրունո Կոտրեն: «Այն զգացումը, որ Ֆրանսիան անկում է ապրում և արտաքին ուժերի սպառնալիքի տակ է, ընդգծված է բանակում», — նշում է Կոտրեն՝ ավելացնելով՝ միևնույն ժամանակ, Ֆրանսիայի Հանրապետության արժեքները խորապես արմատավորված են հասարակության գիտակցության մեջ, ուստի երկրում պուտչի իրական վտանգ չկա:

Բայց այս ամենն ազդանշան է այն բանի, որ նախագահ Էմանուել Մակրոնի դիրքերը տանը շատ ամուր չեն: Վերջին հարցումները ցույց են տալիս, որ այս քաղաքական դաշտում նա ծայրաստիճան ցածր գնահատական ունի, ավելացնում է քաղաքագետը: LCI հեռուստաալիքի բլից հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 58 տոկոսը համակրում է նամակի հեղինակներին, իսկ «Ազգային միավորման» կողմնակիցներից 86 տոկոսը:

«Սա պարզապես նախընտրական արշավ է», — կարծիք է հայտնում Գերմանա-ֆրանսիական ինստիտուտի փորձագետ Ֆրենկ Բասները: Նա զարմանալի է համարում այն, որ «շատ բարձրաստիճան գեներալներ իրենց դիրքորոշումն արտահայտեցին աջ արմատական ուղղվածությամբ հրատարակությունում»: «Այն փաստը, որ Մարին Լը Պենը նրանց աջակցեց, պատահական չէ »,- նշում է Բասները: Այս ամենը, նրա խոսքերով, ուղղված է Մակրոնի և մի հասարակության դեմ, որը  փորձում է հավասարակշռություն պահպանել ներքին անվտանգության ձգտումների եւ ինտեգրման ու կրոնական հանդուրժողականության միջեւ:

Մակրոնի ընտրական մարտավարությունը

Ֆրանսիական բանակում, ինչպես գերմանականում, կան որոշակի թվով զինվորականներ, ովքեր ուժեղ պետություն են փափագում: «Դա կարոտ է, կորսված Ֆրանսիայի գաղափար, բայց նաև անօգնականության արտահայտություն և խաղ կրակի հետ»,- ավելացնում է Բասները: Մյուս կողմից, արմատական ​​իսլամիստների կողմից Ֆրանսիայում իրականացված դաժան ահաբեկչությունները, թեժացնում են ներքին անվտանգության թեման:

Ըստ փորձագետի՝ Մակրոնը փորձում է բացահայտ առճակատման մեջ չմտնել Մարին Լե Պենի հետ: Դրա համար նա երկար ժամանակ քննադատվում էր ձախերի կողմից, որոնք դեմ են նրա ոստիկանության մասին օրենքին և «Իսլամական անջատողականության» դեմ օրենքին: Բասներն իր հերթին կարծում է, որ Մակրոնը հավատարիմ է իր ընտրական մարտավարությանը և պաշտպանում է «ֆրանսիական հեղափոխության արժեքները»:

«Թե ինչ ազդեցություն կունենա պաշտոնաթող գեներալների նամակը, կախված է նրանից՝ դա եզակի դե՞պք է, թե՞ ռազմավարություն, որը հենվում է աջ ծայրահեղականների սադրանքների վրա»,- շարունակում է փորձագետը: «Եթե Մակրոնը սկսի պաշտպանվել, դա նրա համար վատ ավարտ կունենա», — զգուշացնում է Բասները: Հարցումների համաձայն՝ հաջորդ տարի նախագահական քարոզարշավի ընթացքում Մարին Լը Պենը կարող է կրկին դառնալ նրա հիմնական մրցակիցը: Եթե, իհարկե, մոտ ապագայում չհայտնվի պահպանողական մեկ այլ լուրջ թեկնածու:

Աղբյուր՝ Deutsche Welle

Back to top button
Close