ՆորություններՍպորտ

Ես կուզեի, որ յուրաքանչյուր թիմում երեք հայ ֆուտբոլիստ պարտադիր դուրս գար խաղադաշտ․ Կապառոս

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին, որտեղ անդրադարձել է նաև հավաքականում ընդգրկված երիտասարդ ֆուտբոլիսներին, ինպես նաև խոսել է  Հայաստանի առաջնությունում հանդես եկող հայ ֆուտբոլիստների մասին։

Դուք հայտնի եք, որպես երիտասարդ տաղանդներ բացահայտող մարզիչ: Շարունակելո՞ւ եք ներգրավել այլ երիտասարդների առաջիկա խաղերին և արդյո՞ք կարող եք հիմա անուններ տալ:

-Ես ոչ մի անուն չեմ տա։ Շանսեր կտանք այս կամ այն ֆուտբոլիստին՝ համաձայն մեր մտահղացումների, եթե նպատակահարմար համարենք։ Եթե ֆուտբոլիստը երիտասարդ է կամ տարեց է, դա չի նշանակում, որ նա հավաքականում հանդես գալու իրավունք ունի։ Խաղում են այն ֆուտբոլիստները, որոնք տվյալ պահին համապատասխան մարզավիճակում են։ Ինքս երբեք չեմ վարանել երիտասարդ ֆուտբոլիստին նորամուտը նշելու հնարավորություն տալու հարցում։ Եթե տեսնենք, որ այս կամ այն ֆուտբոլիստը տաղանդավոր է և կարող է օգտակար լինել թիմին, ապա կմտածենք և որոշում կկայացնենք։ Սակայն առաջիկա երկու հանդիպումներին ճնշող մեծամասնությամբ կհրավիրվեն նրանք, ովքեր հանդես են եկել վերջին խաղերում։

Ազգերի Լիգայում 6-ից 5 խաղերում խաղադաշտ դուրս բերեցիք Վահան Բիչախչյանին: Վերջին խաղերում նա ընդամենը 1 րոպե անցկացրեց: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

-Այս անգամ դաշտ դուրս եկան այլ ֆուտբոլիստներ։ Օրինակ՝ Ժիրայր Շաղոյանն ու Էդուարդ Սպերցյանը։ Լավ և կարևոր է, երբ թիմումդ մրցակցություն կա։ Սա ավելի է ուժեղացնում հավաքականը։ Մենք շատ գոհ ենք Վահանից։ Ինքն էլ պետք է հասկանա, որ հարկավոր է քրտնաջան աշխատել։ Վահանն այն խաղացողն է, որ կստանա իր շանսերը, սակայն նորից ասեմ, որ հայտնվել են նաև այլ ֆուտբոլիստներ։ Ես՝ որպես ամենամեծ պատասխանատվություն կրող անձնավորություն, համարել եմ, որ այդ հանդիպումներւմ դաշտ պետք է դուրս գան ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ։

-ԲԿՄԱ-ի կազմավորումը ՀՖՖ գլխավոր ձեռքբերումներից մեկն է: Ի՞նչ կարող եք ասել այդ նախագծի մասին և համարո՞մ եք, որ Ժիրայր Շաղոյանի հայտնվելն ազգային հավաքականում արդեն իսկ վկայում է, որ այն սկսել է տալ իր առաջին պտուղները:

-Իհարկե։ Այդ թիմի տղաներին ընտրել են, և նրանք իրենց տրամադրության տակ ունեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դաշտեր, մարզիչներ, ֆուտբոլի ակադեմիան։ Եվ այս տղաները պետք է կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում աճեն, բայց դա տեղի կունենա այն դեպքում, եթե նրանք խաղային պրակտիկա ունենան Պրեմիեր լիգայում։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այս տղաները ծառայությունից հետո, երբ վերադառնան իրենց ակումբներ, չունենան խաղային պրակտիկա։ Ինչպես ես եմ ասում, կա ոչ միայն կրթական ձախողում, այլ նաև՝ մարզական։ Այնպես որ տղաները պետք է հանդես գան երկրի ամենաուժեղ առաջնությունում, ուր նրանց առջև շատ բարձր պահանջներ կդրվեն։ Հենց դա էլ կնպաստի նրանց աճին։

 –Մշտապես հետևում եք Հայաստանի առաջնությանը և այն մարզիչներից եք, որոնք առանց վարանելու նաև ֆուտբոլիստներ են հրավիրում ներքին առաջնությունից: Ի՞նչ կարծիքի եք մեր առաջնության ընդհանուր մակարդակի մասին և ինչի՞ հաշվին այն կարող է քայլ առաջ կատարել:

Այստեղ երկու տարբերությունների մասին կխոսեի։ Երբ նոր էինք եկել Հայաստան, սկսեցինք դիտել ազգային առաջնության խաղերը։ Պարզվեց, որ կան թիմեր, որոնց կազմերում ոչ մի հայ ֆուտբոլիստ հանդես չէր գալիս։ Հարց էի տալիս ինքս ինձ՝ ինչպե՞ս խաղացողների ընտրություն կատարել։ Իրավիճակը փոխեց ՀՖՖ-ի նախագահը՝ կանոնակարգի մեջ մտցնելով խաղադաշտում նվազագույնը երկու հայ ֆուտբոլիստի առկայության պարտադիր կետը։ Այժմ այլ իրավիճակ է, և երբ դիտում ենք առաջնության հանդիպումները, նվազագույնը 4 հայ ֆուտբոլիստ ենք տեսնում թիմերի կազմերում։ Սա կարևոր քայլ է։ Իհարկե, ես կուզեի, որ յուրաքանչյուր թիմում երեք հայ ֆուտբոլիստ պարտադիր դուրս գար խաղադաշտ։ Օրինակ՝ շատ կուզեի, որ Հայաստանի Գավաթի հանդիպումներում ավելի շատ քանակությամբ հայ ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս գար։ Ես չեմ ասում՝ թիմերը 100%-ով հայերից բաղկացած լինեին այս մրցաշարում, բայց գոնե չորս-հինգ ֆուտբոլիստի առկայությունը պարտադիր լիներ։ Բնականաբար, ես իմ շահերն եմ սպասարկում՝ որպես հավաքականի մարզիչ։

-Արդյո՞ք դիտակետում կան VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող  երիտասարդ կենտրոնական պաշտպաններ՝ հատկապես հաշվի առնելով, որ Վարազդատ Հարոյանը չի մասնակցելու Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպմանը:

-Իհարկե, մենք հետևում ենք երիտասարդ կենտրոնական պաշտպանների ելույթներին։ Հնարավոր է, որ այս ընկերական խաղերում որևէ մեկին հրավիրենք։

armsport.am

Back to top button
Close