Նորություններ

Մեր պետությունը պետք է հստակ քաղաքական գիծ ունենա և ցեղասպան քաղաքականություն վարող պետությունների հետ բարեկամության մասին չխոսի. Տ.Սիմոնյան

«Ես բարձրաձայնեցի, որ մինչև այսօր իշխող խմբակցության շատ պատգամավորներ, գործադիր իշխանության ներկայացուցիչներ առիթը բաց չեն թողնում՝ ընդգծելով հնարավոր առիթը հայ-ադրբեջանական բարեկամություն սկսելու մասին: Սա ուղղակիորեն հակասում է մեր պետական քաղաքականությանը»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում իր ելույթին:

Տարոն Սիմոնյանի խոսքով՝ պետք է վեր բարձրացվեր Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, թուրք-ադրբեջանական տանդեմի ցեղասպան շարունակականությունը, որը արտահայտվում էր էթնիկ զտումներով, գերիների խեղումներով, խոշտանգումներով և սպանությամբ:

«Սրանք մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություններ են, և էսպիսի գործողություններ իրականացնող պետության հետ որևէ բարեկամական կապեր հաստատել չէր լինի: Իմ խոսքը ուղղված էր նրան, որ իշխող խմբակցության որոշ պատգամավորներ ընդգծված ձևով արտահայտեցին իրենց կարծիքը»,- նշեց ԼՀԿ-ական պատգամավորը:

Պատգամավորը շեշտեց, որ մեր պետությունը պետք է հստակ քաղաքական գիծ ունենա և ցեղասպան քաղաքականություն վարող պետությունների հետ բարեկամության մասին չխոսի, մինչև նրանց ռազմաքաղաքական ներկայացուցիչներին չբերի պատասխանատվության դաշտ:

«Դրանից հետո, երբ արդեն միջազգային իրավունքի շրջանակում անձինք կենթարկվեն պատասխանատվության, էդ դեպքում կարելի է խոսել բարեկամության մասին, բայց իրենք շարունակում են հանցագործություններ կատարել, իսկ իշխող խմբակցության պատգամավորներից խոսում են բարեկամության մասին. սա ուղղակի հակազդում է»:

Back to top button
Close