ՄիջազգայինՆորություններ

Ղրղզա-տաջիկական սահմանին տիրող իրավիճակի մասին. 2 կողմից զոհվել է շուրջ 50 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել են

Իրավիճակը Տաջիկստանի հետ սահմանին կայուն է, անցած գիշերվա ընթացքում միջադեպեր կամ կրակոցներ չեն գրանցվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրղզստանի պետական ​​սահմանային ծառայության մամուլի կենտրոնից:

«2021թ. մայիսի 4-ին պետական ​​սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում իրավիճակը բնութագրվում է կայուն: Անցած գիշերվա ընթացքում միջադեպեր և կրակոցներ չեն արձանագրվել: Պաշտպանության նախարարության մի խումբ սակրավորներ աշխատում են չպայթած ականները չեզոքացնելու ուղղությամբ», — տեղեկացրել է մամուլի կենտրոնի ներկայացուցիչը:

Այժմ սահմանապահները պարեկություն են իրականացնում Ղրղզստան-Տաջիկստան պետական ​​սահմանի ողջ գծի երկայնքով:

«Ղրղզստանի հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի Սահմանային ծառայության ստորաբաժանումներն ու կազմավորումները, որոնք տեղակայված են Բաթկենի շրջանում, շարունակում են ծառայել ուժեղացված ռեժիմով»,- նշել են մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչների միջև բախումը վերաճել էր զինված առճակատման երկու երկրների զինված ուժերի միջև: Սահմանապահների բախումները տևել են ավելի քան վեց ժամ: Երկու կողմից զոհվել է շուրջ 50 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել են:

Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվել են հրադադարի և սահմանից ուժերի դուրսբերման շուրջ, բայց հաջորդ օրը կրկին փոխհրաձգություն էր սկսվել: Մեկ այլ հրադադար ձեռք բերվեց ապրիլի 30-ի ուշ երեկոյան: Տաջիկստանի բոլոր զինված ստորաբաժանումենրը Ղրղզստանի տարածքը լքել են մայիսի 1-ին:

Back to top button
Close