ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

««Երեխեքը ապահով տեղ թաքնված են». 73 տղաների ծնողներին էլ նույն բանն են ասել, բայց երեխեքը հոկտեմբերի 11-ից չեն եղել»

«Երեք ամիս էր  մնացել, որ Սլավիկն ավարտեր  ծառայությունը և  գար տուն: Ծառայության ընթացքում, երբ խոսում էինք հետը՝ չենք զգացել, որ ծառայության մեջ է: Երբևէ չի դժգոհել իր ծառայությունից. մայրիկին, ինձ ասում էր՝ ամեն ինչ շատ լավ է, նույնիսկ պատերազմի ընթացքում: Հոկտեմբերի 10-ին կանխազգացում ունեի, ասացի՝ խնդրում եմ Սլավ ջան զգույշ եղիր, ասաց՝ ամեն ինչ լավ է, մի մտածիր: Հարցրեցի շատ են կրակու՞մ, ասաց՝որ կրակում են ի՞նչ, ծուռ է  գնում, մի անհանգստացեք, դուք ձեզ լավ նայեք»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում  զոհված ժամկետային զինծառայող Սլավիկ  Իշխանյանի հորաքույրը՝ Նարինե Իշխանյանը:

Սլավիկ Սամվելի Իշխանյանը ծնվել է 2000թ. հուլիսի 26- ին Երևանում։ 2019թ հունվարի 11-ին զորակոչվել է բանակ, ծառայել է Արցախի  Մարտունի 2-ում, որպես վարորդ։

Պատերազմի ժամանակ ծնողներից գաղտնի ինքնակամ տեղափոխվել է առաջնագիծ: Հոկտեմբերի 11-ին Մարտունի 3-ի 7-րդ  վաշտի զինվորներին տեղափոխելուց ընկել են շրջափակման մեջ և բոլորը զոհվել են (73 հոգի)։ Սլավիկը կարողացել է դուրս գալ շրջափակումից և ճանապարհի կեսից պտտվել հետ է գնացել ընկերներին օգնության և ընկերների հետ էլ զոհվել:

«Սլավը պատերազմի օրերին ամեն օր մեզ զանգում էր, մորը միշտ ասում էր՝ մերս չմտածես, ես գալու եմ…վերջին անգամ հետը խոսել ենք հոկտեմբերի 10-ին:

Սլավի խոսալուց մենք չենք էլ զգացել, որ  էդպիսի դաժան ու անհավասար պատերազմ է գնում:

Ասում էր ծուռ են կրակում, բայց հետո իմանում ենք, որ պատերազմի առաջին օրերին Մարտունու զորամասը հավասարվել է հողին:

Երբ Սլավը դիրքեր էր բարձրանում, հեռախոսը անհասանելի էր դառնում, երբ անհանգստություն էինք ունենում փոքրիկ նամակ էի գրում, անմիջապես  հետ էր զանգում, լավ եմ հանգիստ եղեք: Հարցրեցի, եթե դու դիրքերում ես ոնց է լինում, որ  հասանելի ես, քմծիծաղ տվեց և ասաց, որ  ուրիշ դիրք են տեղափոխվել և այստեղ միշտ հասանելի է: Մենք չենք իամացել, որ ինքն  ամենավտանգավոր տեղերում անընդհատ զինվորներ է տեղափոխել:

Գաղտնիքներով  իմ հետ էր կիսվում, ինձ հորաքույր  չէր ասում, ասում էր՝ Նանս, ծառայեմ գամ, գալու եմ բիզնեսով զբաղվեմ պապայիս օգնեմ, թև ու թիկունք լինեմ:

Երեք եղբայրն են, ավագը Սլավիկն էր… Սլավիկը շատ համեստ տղա էր, չափված-ձևված, դուխով էր, ընկերասեր, հասնող:

Շատ հեշտ էր իր հետ, ոչ-ոքի չէր նեղացնում, խաթրերից  չէր անցնում: Եղբայրներին շատ էր սիրում, միջնեկ եղբոր հետ  շատ կապված էր, ասում էր՝ պուճուր ախպերս չի ծառայելու. մենք ախպորս տեղն էլ ենք ծառայել :

Գերազանց էր սովորում, հյուսիսային համալսարանի «իրավագիտության» բաժինն էր ընդունվել, շատ նպատակներ ուներ:

Ծառայության ընթացքում, որ հետը խոսում էինք՝ասում էր, որ ինքը  շատ լավ է, որ գալու է, անպայման գալու է…ծառայությունը ավելի հասուն էր դարձրել Սլավին»,-շարունակեց հերոսի հորաքույրը:

«Երբ Սլավը զորք է տեղափոխել, պետք է  իրենց դիմավորեին, չեն դիմավորել ու իրենք սխալ ճանապարհով են գնացել  և հիմա այդ ամսով դատական  գործընթացներ  են սկսվել, բայց գուցե երեխեքին դիմավորեին էսքան բանը չլիներ, մեր  73 երեխաները մեր կողքը կլինեին:

Հոկտեմբերի 11-ից հետո մենք Սլավից զանգ չենք ստացել, բայց  ում դիմում էինք մեզ ասում էին՝ հանգիստ եղեք, երեխեքը ապահով տեղ թաքնված են, ուղղակի հեռախոսները հավաքել ենք, որ ամեն ինչ անվտանգ լինի: 73 տղաների ծնողներին էլ նույն բանն են ասել, բայց երեխեքը հենց ամսի 11-ից չեն եղել:

Պատերազմը վերջանալուց հետո էլ երեխեն չզանգեց, հետո եղբայրս ուզում է գնա Արցախի զորամաս և  երեխուն տեսնի, բայց էդ ժամանակ ասում են, որ հոկտեմբերի 11-ին  դեպք է եղել, 73 հոգով չկան: Մենք սպասում էինք ու փետրվարի 12-ին ստացանք ԴՆԹ-ի պատասխանը:

Մեր երեխեն թող  մեր կողքին լիներ, մեր կյանքը լրիվ փոխվել է, դատարկվել»,-եզրափակեց արցախյան պատերազմում զոհված Սլավիկ Իշխանյանի հորաքույրը՝ Նարինե Իշխանյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close