Նորություններ

Եթե իմ Միջնավանը կվերադարձնեն ինձ, ես վազելով կգնամ կապրեմ, իսկ Ղարաբաղում չեմ ապրի. Քաշաթաղցիների ակցիան

Քաշաթաղի բնակիչներն այսօր՝ մայիսի 3-ին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ:

Քաշաթաղի շրջանի Միջնավանի քաղաքապետարանի քարտուղար Մարիամ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այն, ինչ որոշում է կառավարությունը, հայտարարում են պաշտոնապես, իրականում ոչ մի բան չի կատարվում, մենք մնացել ենք անելանելի վիճակում: Երեկ Ստեփանակերտից եկել էր Հայկ Խանումյանը, ով ասաց, որ քաշաթաղցիները, բոլորը պետք է գան ու բնակվեն Արցախում, պետք է շենացնեն Ղարաբաղը:

Սիրով, հասկանում եմ, ընդունում եմ պետականամետ քաղաքականությունը, բայց ինչ վերաբերում է Քաշաթաղի հարավային թեւին, այնտեղ բոլորը վերաբանակեցվածներ են, որոնք 30 տարի շարունակ արյուն ու քրտինք են թափել, հող են սարքել, տուն են դրել եւ բառիս բուն իմաստով իրենց հագի մի ձեռք հագուստով կանայք դուրս են եկել ամենավերջին օրերին, իսկ տղամարդիկ Ջաբրայիլ ու Իշխանաձոր են պահել: Ու հիմա այդ մարդկանց համոզել, որ գնում եք Մարտակերտի ամենասահմանային գյուղերում նորից հող մշակեք, մենա ձեր տունը կսարքենք, իսկ եթե չգաք, ոչ մի բան չեք ստանա: Չկա տենց բան, մենք խնդրում ենք կառավարությունից՝ բավական է պետական մակարդակով մարդկանց խաբեն: Ժողովուրդը դարձավ էստեղից-էնտեղից օգնություն մուրացո՞ղ: Մենք էդ մարդը չենք: Ասում են՝ ձեր 5 մլն-ը կարող եք ստանալ: Բայց մենք 5 մլն-ի գույք եմ թողե՞լ: Եթե մեզ Հայաստանում չապահովեն, ես դիմելու եմ միջազգային դատարան: Մենք տեսել ենք, թե ոնց են հաղթած պարտություն դրել մեր ուսերին»,-ասաց նաա;

Մեկ այլ քաշաթաղցի կին՝ Անուշ Պետրոսյանը, նշեց, որ վարկ է վերցրել, երկու տուն է սարքել ու հիմա տվել է թուրքերին. «Ապրուստ առա, նորացրի, որ իմ երեխեքը վայելեն, տղաս գնաց պատերազմ, չեկավ: Տղաս Ջաբրայիլում է զոհվել: Եթե իմ Միջնավանը կվերադարձնեն ինձ, ես վազելով կգնամ ապրելու, բայց ուրիշ տարածքում չեմ գնա ապրի: Ես երեւանցի եմ, բայց էնտեղ տուն դրեցի, ես Ղարաբաղում չեմ ապրի: վարձով եմ ապրում: Թող ինձ մի անկյուն տան, ես գնամ ապրեմ: Ես դեռ իմ երեխայի փողն էլ չեմ ստացել»,-ասաց նա:

news.am

Back to top button
Close