Նորություններ

Ավտովթար-վրաերթ՝ Երևանում. բախվել են BMW-ն ու Toyota-ն, իսկ հետո մեկ այլ BMW վրաերթի է ենթարկել հետիոտնի. 4 վիրավորներից մեկի ոտքը կտրվել է

 

Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 09։10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ Հանրային հեռուստաընկերության աշտարակից դեպի ժողովրդին հայտնի «Սարի թաղի կալցևոյ» տանող ճանապարհահատվածում, բախվել են BMW մակնիշի 30 PN 400 համարանիշի և BMW մակնիշի 34 LC 192 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մինչ նշված BMW-ների բախումը, BMW մակնիշի 30 PN 400 համարանիշի ավտոմեքենայի և Toyota Corolla մակնիշի 36 VP 507 համարանիշի ավտոմեքենայի միջև բախում է տեղի ունեցել, և վարորդները կանգնել են և զանգահարել ԱՊՊԱ, այդ ժամանակ BMW մակնիշի 34 LC 192 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել, ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց տեղափոխվողներից երկուսին։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սուրեն Ջավաղյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Թևոսյանի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում, և նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, քանի որ վարորդներից մեկը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է։

Տեղում են նաև ՀՀ ՊՆ ՌՈ զինավտոտեսչության աշխատակիցները, ԶԱՏ պետ փոխգնդապետ Գրիգոր Թադևոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարական խումբը։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վրաերթի ենթարկվածներից մեկի ոտքը կտրվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close