Նորություններ

«Ամեն տարի նշելու ենք, ու ամեն մեկս մեր սրտում իր սիրուն ու խրոխտ կերպարի տարեցտարի փոփոխված ուրվագիծն ենք պատկերելու». գյումրեցի հերոսը կդառնար 27 տարեկան

Արցախյան վերջին պատերազմում զոհված Սիրեկան Գասպարյանը, կամ ինչպես ինքն էր սիրում, որ իրեն դիմեն՝ Սիրոն, մայիսի 1-ին կդառնար 27 տարեկան:
Հերոսի հարազատներն ու ընկերները Սիրոյի ծնունդը շիրիմի մոտ են նշել, իրենց հետ տարել են Սիրոյի ծննդյան տոնական տորթը, իր սիրած կոնֆետները, ծաղիկներ ու շամպայն:


«Ամեն տարի Սիրոյի ծնունդի օրը անհամբեր սպասում էինք, որ ժամը 12-ը լինի, ու մեզ բնորոշ հումորով, գժական ձևով շնորհավորեինք: Մենք միշտ կարողացել ենք օրը մեր ուզած ձևով տոն դարձնենք ու ուրախանանք։
Մամաս շատ համով ձեռք ունի, ու էս օրը միշտ Սիրոյի սիրած ուտելիքներն էր պատրաստում, եղբայրս ոգևորությամբ, դեմքին թեթև ժպիտով՝ գալիս էր ու մամայիս հարցնում՝ մամ, ի՞նչ կսարքես…
էդ օրը Սիրոյի ընկերները համ մեր տունն էին, համ էլ իրար հետ էին դրսում շարունակել տոնը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված հերոսի քույրը՝ Նարինե Գասպարյանը:
Սիրեկանի քույրը պատմում է, որ եղել են տարիներ, երբ Սիրոն ՌԴ-ում է եղել, բայց հեռու լինելով էլ կարողացել են օրը տոն դարձնել:


Նարինեն ասում է՝ այսօր էլ բոլորս եկել ենք Սիրոյի ծնունդը շնորհավորելու, բայց այս տարվա ծնունդը ուրիշ է՝ այս տարվա ծնունդը առանց Սիրոյի է:
«Ինձ համար անընդունելի է այս ամենը, երբեք էլ չենք համակերպվի, էս կյանքում ես ինչ պատկերացրել եմ, միշտ եղբայրս կողքս է եղել, ու էսօր իր ծննդյան օրն առանց իրեն, բայց գնում ենք իր մոտ։ Ահավոր, անբնական քաոս է իրականում։ Վիշտը մեջքիդ, վշտի տակ կքած, անկախ քո կամքից հոսքի տակ ընկած ապրում ես, ինքդ քեզ խաբելով ու հույս տալով, որ կա, ապրում է, ու ամեն անգամ նորից հույսդ կորցնելուց մեռնում ես նորովի։ Անտանելի է էս իրականությունը, ու ինձ համար էդքա՜ն սիրելի օրը, որ մի ամիս առաջ մտածում էի, որ ինչ եմ գնելու եղբորս նվեր, ցավով եմ նշում, առանց իր ներկայության, առանց իրեն գրկելու ու շնորհավորելու։ Ամեն տարի նշելու ենք, ու ամեն մեկս մեր սրտում իր սիրուն ու խրոխտ կերպարի տարեցտարի փոփոխված ուրվագիծն ենք պատկերելու։ Էս իրականությանը համակերպվել երբեք չի լինի, միշտ էլ կիսատ կմնանք, կարոտ կմնանք, դատարկ ու ավերված։


Ինչքան էլ ասեն՝ Սիրոն մահացել է, ինձ համար Սիրոն կա, և եթե ես չսպասեմ, ուրեմն կդավաճանեմ նրան, մենք շատ սիրով քույր ու եղբայր ենք եղել, մենք իրար երբեք չենք ասել՝ գիտես ինչքան եմ քեզ սիրում. մեր սերը ուրիշ ձևի է եղել, մենք իրար մասին խոսելիս աչքերի փայլով ենք հասկացել, թե ով ենք մենք իրար համար»,- շարունակում է հերոսի քույրը:
27-ամյա Սիրեկան Գասպարյանը պայմանագրային զինծառայող էր, պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցել է թեժ մարտերին, 14 օր համառ մարտեր է մղել թշնամու դեմ, զոհվել է հոկտեմբերի 13-ին:
Սիրեկան Ահարոնի Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Back to top button