Նորություններ

ՊՆ-ն պաշտոնական գրություններով հայտնել է, որ «Պատրոն Դավոյի» մատակարարած զենքերի հետ խնդիր չեն ունեցել

Զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» մասին նախաքննական մարմինը մոռացել է։ Ճիշտ է, նա շարունակում է մնալ կալանավորված, բայց նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբան Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել դատավարական գործողություններ կատարելու համար, սակայն որևէ գործողություն այդպես էլ չի եղել։ «Պարզապես Դավիթ Գալստյանը և Արմեն Բաղդասարյանը շարունակում են մնալ կալանավորված՝ դատավորների թեթև ձեռքով»։

Փաստաբանի փոխանցմամբ՝ հարցումներ են ուղարկել ՊՆ, առկա են պաշտոնական գրություններ՝ տարբեր հարցադրումների վերաբերյալ, որոնցով ՊՆ-ն՝ ի դեմս համապատասխան ստորաբաժանումների, հայտնել է, որ Դավիթ Գալստյանի մատակարարած ապրանքների հետ կապված որևէ խնդիր չկա և երբեք չի եղել։

Փաստաբանի խոսքով՝ այս ամբողջ փաստաթղթային փաթեթը, ինֆորմացիան դատական ատյաններում ներկայացվել է, սակայն ոչ մի դատական ատյան չի անդրադարձել դրանց՝ խուսափելով դիրքորոշում հայտնել։ Փաստաբանի դիտարկմամբ՝ և՛ մատակարարը, և՛ ՊՆ-ն պաշտոնապես հայտնում են, որ որևէ խնդիր չկա, հետեւապես հարց է առաջանում, թե ինչ խարդախության մասին է խոսքը, ինչու է Գալստյանը շարունակում մնալ կալանավորված ։
«Դատարաններում, հատկապես առաջին ատյանի, մինչ այս պահը ընդհանրապես իրավական որեւէ գործընթաց տեղի չի ունեցել։ Դավիթ Գալստյանի դատավորը Մնացական Մարտիրոսյանն էր, Արմեն Բաղդասարյանի դատավորը՝ Մակյանը։ Ակնհայտ է, որ երկու դեպքում էլ անհիմն որոշումներ են կայացվել՝ առանց անդրադառնալու պաշտպանության կողմի փաստարկներին։ Պարզապես, մեր տպավորությամբ, նախաքննական մարմնի անհիմն ենթադրությունները հաստատեցին»,- նշել է պաշտպանը։

Ավելին, նրա դիտարկմամբ, նախաքննական մարմնի հայտարարած տեղեկատվությունը, թե մատակարարված զինատեսակները եղել են 70-ականների՝ կեղծ է, ինչը հիմնավորվել է նաև արտադրողի կողմից ներկայացված պաշտոնական պարզաբանումներով, փաստաթղթերով։ Ավելին, ինչպես հավաստիացրեց փաստաբանը, ապրանքը նախ փորձարկվել է, հետո՝ ընդունվել։

Ըստ նրա՝ կեղծ տեղեկություններ տարածելով՝ նախաքննական մարմինը մանիպուլյացիա է արել՝ դատարանների վրա ճնշում գործադրելու նպատակով։

«Այսինքն՝ եթե ապրանքը բերել եմ, փորձարկել եք, հին էր, լավը չէր՝ չընդունեիք։ Այդ ինչպես է ստացվում, որ բերվել է, փորձարկվել ու ընդունվել է, օգտագործվել է, ամեն ինչ նորմալ է և երկու տարի անց ասում են, որ մատակարարված զենքի մեջ այսքանը չի համապատասխանում պայմաններին։ Այդ հիմքով Դավիթ Գալստյանը և Արմեն Բաղդասարյանն արդեն երեք ամիս գտնվում են կալանքի տակ»,- նշել է Հարությունյանը՝ ավելացնելով, որ Ա.Բաղդասարյանն ընդհանրապես որեւէ առնչություն չունի այդ ամենի հետ, այլ միայն ազգակցական կապ՝ Դավիթ Գալստյանի հետ։

Պաշտպանական կողմն առաջարկել է նախաքննական մարմնին՝ հարցաքննել նաեւ Դ.Գալստյանին զենք մատակարարած ընկերությունների ներկայացուցիչներին, նշանակել փորձաքննություններ, ինչի վերաբերյալ համապատասխան միջնորդություններ են ներկայացրել, սակայն այդ ուղղությամբ վարույթն իրականացնող մարմինը ոչինչ չի իրականացրել։

«Նույնիսկ մատակարարված ապրանքի արտադրողներին ենք հրավիրել, ասել, որ պատրաստ են ներկայանալ, ցուցմունք տալ, փորձաքննությանը մասնակցել, պարզաբանել, թե ինչ ապրանք է, սակայն հետևողականորեն մեր այդ միջնորդությունները մերժվում են։ Դրանք նաեւ դատարաններում ենք քննության առարկա դարձնում, բայց դատարանները եւս չեն անդրադառնում այդ փաստարկներին »,- նշել է Հարությունյանը։

Պաշտպանական կողմի համար կասկածահարույց է նաեւ նշված գործին վերաբերող միջնորդությունների մակագրման գործընթացը. Կալանավորման միջնորդությունը ներկայացվելու ժամանակ հերթապահը եղել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրը, սակայն մակագրվել են Մնացական Մարտիրոսյանին, Մեսրոպ Մակյանին, Արթուր Մկրտչյանին (Կենտրոնի նստավայր-հեղ.)։ Ուստի դատարանի նախագահից գրավոր պարզաբանում են պահանջել։

«Պարզվեց, գործը պարունակում է պետական գաղտնիք համարվող տեղեկություններ, իսկ նման գործերը քննելու համար դատավորներին հատուկ թույլտվություն է տրվում, որը տալիս է ԱԱԾ-ն։ ԱԱԾ-ն թույլտվություն է տվել միայն Մնացական Մարտիրոսյանին և Մակյանին։ Զավեշտն այն է, որ ԱԱԾ-ն թույլ է տալիս, որ Մնացական Մարտիրոսյանը քննի Դավիթ Գալստյանի գործը, եւ հենց ԱԱԾ-ն ներկայացնում է Գալստյանին կալանավորելու միջնորդությունը, արդյունքում՝ ունենում ենք Մնացական Մարտիրոսյանի որոշումը, որը չի կարելի համարել դատական հիմնավոր ակտ»,- նշեց Հարությունյանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ այս հարցով պատրաստվում են ՄԻԵԴ համապատասխան բողոք ներկայացնել։

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close