Նորություններ

Դավիթը տեսել է, թե ինչպես է կամավորն ինքն իրեն գլխից կրակում, գերի չընկնելու համար. հայ ռազմագերիների պատմությունները

Հայ ռազմագերիները VICE World News–ին պատմել են Արցախում պատերազմի ավարտից հետո ադրբեջանցի զինվորների կողմից դաժան բռնությունների մասին:

Ուշ գիշեր էր, երբ 20-ամյա Արմենը քնած էր լքված տնակում, երբ նրան արթնացրին հանկարծակի կրակոցները: Նա դուրս վազեց խրճիթից, որպեսզի կրակոցների ուղղությունը հասկանա՝ թողնելով յոթ ընկերներին խրճիթում, և անմիջապես ընկավ ադրբեջանցի զինվորների կրակահերթի տակ։

«Ադրբեջանցիները սկսեցին կրակել մեզ վրա, բայց մենք նրանց չէինք տեսնում: Մենք բոլորս վիրավորվել էինք, նրանք սկսեցին մեզ վրա բղավել՝ ռուսերեն խոսելով, ասելով, որ հանձնվենք. մեզ կհանձնեն Կարմիր խաչին»:

Զինվորները ստիպված հանձնվել են, և ադրբեջանցի զինծառայողները անմիջապես սկսել են ծեծել իրենց: Արմենին ոտքերով հարվածներ են հասցրել գլխին և մետաղական շամփուրով վնասել մարմինը: Ադրբեջանցի զինծառայողները նրա ձեռքերն այնքան ամուր էին կապել, որ դաստակների վրա սպիներ կան մինչև հիմա:

Հայ զինվորներին Բաքվի ռազմական ոստիկանության բաժանմունք տեղափոխելուց հետո ծեծերը շարունակվել են: Արմենը պատմում է, որ իրեն հարվածել են բռունցքներով, ոտքերով, ինչպես նաև փայտի կտորներով հարվածներ են հասցրել գլխին: Նա գլխին վնասվածքներ ուներ, աչքերը ուռած էին:

«Ռազմական ոստիկանությունը չի հարցաքննել, նրանք միայն ծեծել են մեզ: Առաջին օրը նրանք շղթաներով ինձ գամել են մարտկոցին, ամբողջ գիշեր այդպես նստած մնացի հատակին: Ցավից չէի կարողանում քնել: Դեմքս, աչքերս և ծունկս ցավում էին»,- պատմում է Արմենը:

Արմենի պատմությունը, որ շուրջ մի քանի ամիս գերության մեջ էր գտնվում մինչև ազատ արձակվելը, միակը չէ: Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է պնդել, թե հայ ռազմագերիների հետ վարվել է` համաձայն Ժնևի կոնվենցիայի:

Հայաստան վերադարձած ռազմագերիներից շատերն են պատմում, որ բանտում իրենց սնունդ են տվել և բուժել են, բայց նաև ծեծել են ու խոշտանգել:

19-ամյա Դավիթը ասում է, որ ադրբեջանցիները բռնել են իրեն Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի ճանապարհին գտնվող գյուղերից մեկում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո: Նրա ստորաբաժանման բոլոր զինվորները զոհվել են ռազմական գործողություններում կամ մահացել են ծարավից՝ մի քանի օր մնալով առանց սննդի և ջրի:

Դավիթը միայնակ էր մնացել մի հայ երիտասարդ կամավորի հետ, որին նա հանդիպել էր պատերազմի ժամանակ: Վերջինս Դավիթին ասել էր, որ նա ավելի շուտ կմահանա, քան գերի կընկնի ադրբեջանցիներին: Երբ թշնամու զինվորները մոտեցել են, Դավիթը տեսել է, թե ինչպես է կամավորն ինքն իրեն գլխից կրակում:

Դավիթի խոսքով` ադրբեջանցիները իրեն նախ ջուր տվեցին և վիրակապեցին վերքերը, որպեսզի արնահոսությունից չմահանա: Հետո կապեցին նրա ձեռքերը և դաժան ծեծեցին: Ավելի ուշ նրան տեղափոխել են Բաքվի հիվանդանոց, որտեղ բժիշկները վիրակապել են նրա վերքերը, հաց ու ջուր տվել:

«Նրանք ինձ այնտեղ պահեցին 4 կամ 5 օր, իսկ հետո տեղափոխեցին քննչական բաժին»,- նշում է Դավիթը:

Հարցաքննությունների սենյակում Դավիթը ստիպված է եղել խոսել այնպիսի բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, ինչն էլ հետո հրապարակել են ինտերնետում։ Նրա խոսքով՝ ադրբեջանցիները ստիպել են իրեն ասել, որ հայ զինվորականները ապավինում են վճարովի վարձկանների, այդ թվում՝ քուրդ մարտիկների, որպեսզի պատերազմեն Ադրբեջանի դեմ:

Դա ճիշտ չէ, բայց Դավիթի խոսքերով՝ ինքն այլ ելք չուներ, քան կրկնել այն ամենն, ինչ իրեն ասում էին ադրբեջանցիները:

«Սենյակում կային էլեկտրաշոկերներ ու մահակներ: Ինձ ասացին, որ ծեծելու են մինչև մահ, եթե ես չասեմ այն, ինչ ուզում են լսել»,- պատմում է Դավիթը: Վերջինս նաև վատ տեսողություն ունի, և ադրբեջանցի զինվորականները վերցրել ու կոտրել են նրա ակնոցը: Նույնիսկ այն բանից հետո, երբ Կարմիր խաչը Դավիթին նոր ակնոց տվեց, ադրբեջանցիները, միևնույն է, դա էլ կոտրեցին:

Հայաստանից 25-ամյա Վազգենը գերի է ընկել Հադրութի մոտակայքում՝ Ադրբեջանի կողմում պատերազմող վարձկանների հետ փոխհրաձգությունից հետո: Նա ծանր վիրավորվել է: Եվ մինչ վարձկանները կբռնեին նրան, Վազգենը յոթ օր անշարժ պառկած է մնացել և կերել մոտակա ծառից ընկած խնձորները: Վարձկանները արնահոսող Վազգենին հասցրել են Ադրբեջանի ռազմական ստորաբաժանում: Ըստ նրա՝ հաջորդ մի քանի ժամվա ընթացքում իրեն տեղափոխել են մի ստորաբաժանումից մյուսը և դաժան ծեծի ենթարկել:

«Ադրբեջանցի զինվորները ձեռքերը խրեցին որովայնիս վերքի մեջ: Նրանք կծու պղպեղ էին լցնում աչքերիս և այրում ձեռքերս: Մահակներով ծեծում էին: Ամեն անգամ, երբ ինձ հանձնում էին զինվորների նոր խմբին, ինձ ծեծում ու խոշտանգում էին»,- հիշում է Վազգենը: Նրան ստիպել են տեսախցիկի առաջ վիրավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Մոտավորապես 60-ից 220 անձ դեռ գերի է մնում Ադրբեջանում: Հայաստանի պաշտոնատար անձինք ասում են, որ այդ բանտարկյալներից շատերը խոշտանգումների են ենթարկվել: Սակայն Ադրբեջանը հայտարարում է, որ բանտարկյալները ոչ ավելին են, քան իրենց սահմանը անօրինական հատած ահաբեկիչներ։ Human Rights Watch կազմակերպությունը հայտնում է, որ շատ գերիներ, ինչպես Արմենը, ենթարկվել են խոշտանգումների և մարդկային արժանապատվությունը նվաստացնող արարքների։

politik.am

Back to top button