Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Մեծ ամպրոպի փայլատակումներ Զանգեզուրում, որի վերահսկողության համար պայքարը ենթադրում է կատաղի աշխարհաքաղաքական առճակատում. Regnum

Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում իրանական լրատվամիջոցները ոչ շատ հաճախ և չափազանց զգուշորեն էին լուսաբանում Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձությունները, չնայած Թեհրանից շատ ուշադիր հետևում էին և այժմ էլ հետևում են դրանց զարգացմանը:

Այս մասին գրում է «Ռեգնում»-ի հոդվածագիր Ստանիսլավ Տարասովը:

Պատերազմի օրերին Իրանը պաշտոնական մակարդակում հավատարիմ էր չեզոք դիրքորոշմանը՝ հանդես գալով նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքների պահպանման և հակամարտության քաղաքական-դիվանագիտական ​​կարգավորման օգտին: Թեհրանը նաև հայտարարել էր միջնորդ դառնալու իր պատրաստակամության մասին:

Պատճառները պարզ են և բացատրելի: Թեհրանը զգուշանում էր, որ որոշակի պայմաններում և հանգամանքներում հակամարտությունը կարող է տեղափոխվել իր տարածք, որտեղ ավելի շատ ադրբեջանցիներ կան, քան բուն Ադրբեջանում, և կա նաև զգալի և ազդեցիկ հայկական սփյուռք: Ինչպես այդ առնչությամբ գրում է Sasapost եգիպտական ​​հրատարակությունը, «տարածաշրջանի աշխարհաքաղաքական բնույթն է կանխորոշում Իրանի գործողությունների բնույթը, որը զգայուն է ուժերի հավասարակշռության ցանկացած փոփոխության նկատմամբ»:

Թեհրանը ողջունեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ խաղաղ համաձայնագիրը, որը հանգեցրեց ղարաբաղյան պատերազմի ավարտին: Բացի այդ, համաձայնագիրն առերեւույթ հիշեցնում էր «հաշտության բանաձևը», որը ժամանակին առաջարկում էր Թեհրանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին քննադատելիս: Այն ժամանակ Իրանն առաջարկել էր միջնորդական խումբ ստեղծել «3+3» բանաձեւով (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա + Հայաստան, Ադրբեջան, Վրաստան): Անմիջապես աչքի է զարնում այն, որ Թուրքիան բացակայում է այդ երկու ձևաչափերում: Պատճառները նույնպես պարզ են. Իրանը չի ցանկանում և զգուշանում է ադրբեջանա-թուրքական ռազմաքաղաքական դաշինքից ու տարածաշրջանում Անկարայի ազդեցության մեծացումից, ինչպես նաև այն փաստից, որ Թուրքիան կարող է ընդարձակվել իրանցի ադրբեջանցիներով բնակեցված հյուսիսարևմտյան նահանգներում:

Երկրորդ ղարաբաղյան պատերազմը և Թուրքիայի լայնածավալ օգնությունը Բաքվին՝ քաղաքական աջակցությունից մինչև զենքի մատակարարում, Սիրիայի հյուսիսային շրջաններից զինյալների առաքումը և պատերազմի ընթացքում Ադրբեջանում թուրքական կործանիչների տեղակայումը, չափազանց տագնապալի իրադարձություն դարձավ Թեհրանի համար: Չնայած Իրանն ու Թուրքիան փորձում են խուսափել ուղղակի բախումներից և ունեն երկկողմ համագործակցության կետեր, նախկինում եւս Թուրքիայի քաղաքականությունը բախվել է իրանական շահերին, օրինակ, Սիրիայում, որտեղ Թեհրանը սատարում է կառավարությանը, իսկ Անկարան՝ ոչ:

Այս ֆոնին Իրանի սահմանին իրադրության վերափոխմանը Թուրքիայի ակտիվ մասնակցությունը, ըստ իրանցի վերլուծաբանների, «վաղ թե ուշ Թեհրանին կստիպի փոխել իր վերաբերմունքն Անդրկովկասի իրավիճակի նկատմամբ»: Ահա թե ինչու իրանական միջազգային իրավունքի փորձագետ Ահմադ Քազեմիի հարցազրույցը «Ֆարս»-ին, որը պնդում է, որ Ադրբեջանը փորձում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» չեզոքացնել Իրանի աշխարհաքաղաքական դիրքերը տարածաշրջանում և մեկուսացնել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերից, ինչպես նաև հարվածել «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախագծին, մեծ հետաքրքրություն է առաջացնում:

Զարգացնելով իր միտքը՝ Քազեմին հավելել է, որ Բաքուն, Անկարայի հետ համագործակցությամբ, Զանգեզուրի միջանցքով փորձում է «միավորել պանթուրքական աշխարհը, չեզոքացնել տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական հնարավորությունները»:

Իրանական Mehr գործակալության կայքում հրապարակված մեկ այլ հոդվածում շեշտվում է, որ «Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները հակասում են Իրանի շահերին» և «Թեհրանը պետք է պաշտոնապես դատապարտի նման հայտարարությունները»: Խոսքը վերջերս կայացած խորհրդաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի մասին է, երբ նա հայտարարել էր, թե «Զանգեզուրն Ադրբեջանի պատմական տարածք է», թեեւ պարզաբանել էր՝ «դա չի նշանակում, թե մենք տարածքային պահանջներ ունենք»: Եվ այնուամենայնիվ, նա ասել էր. «Եթե մենք վերադառնանք Զանգեզուրի միջանցք, եթե օգտագործենք այդ ճանապարհը, ինչու՞ չվերադառնանք Երևան: Ժամանակը կգա, մենք կանենք դա: Ես ներկայացնում եմ իմ դիրքորոշումը»: Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր հետևյալը. «Եթե Հայաստանը ցանկանա, ապա հարցը հեշտությամբ կարող է լուծվել, եթե չուզենա, մենք դա ուժով կլուծենք: Ես ասել եմ պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում, որ նրանք իրենց կամքով պետք է դուրս գան մեր հողերից, հակառակ դեպքում մենք նրանց դուրս կշպրտենք: Եվ այդպես էլ եղավ: Նույնը կլինի Զանգեզուրի միջանցքի դեպքում»:

Այստեղ քիչ չեն առեղծվածները: Իրոք, Լեռնային Ղարաբաղում զինադադարի եռակողմ համաձայնագիրը նախատեսում է տրանսպորտային միջանցքի բացում Նախիջևանի (Ադրբեջանի անկլավ, որը սահմանակից է Թուրքիային, Հայաստանին և Իրանին) և Ադրբեջանի հիմնական տարածքի միջեւ՝ Հայաստանի Զանգեզուրի շրջանի տարածքով: Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերը պետք է վերահսկեն տեղաշարժը այդ ճանապարհով: Միևնույն ժամանակ Ալիևը հասկանում է, որ այդ նախագծի հաջող իրականացման համար ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան պետք է առաջին հերթին սկսեն քաղաքական և դիվանագիտական ​​քայլեր ձեռնարկել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Ավելին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն դեմ չէ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: Վայոց Ձորի մարզ կատարած այցի ընթացքում Փաշինյանը մեկնաբանել էր այդ հարցը. «Նրանք անընդհատ ասում են, որ կունենան Զանգեզուրի միջանցք: Դե ասում են, թող ասեն: Իսկ դա նշանակում է, որ մենք կունենանք Նախիջեւանի միջանցք՝ հյուսիս-ադրբեջանական միջանցք: Այսինքն, ճանապարհը տալու ենք ճանապարհի դիմաց: Պատկերացրեք, թե ինչ փոփոխությունների կենթարկվի Հայաստանի տնտեսությունը, եթե մենք երկաթգիծ ունենանք Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ: Սա մեր ամենակարևոր խնդիրն է, որից հետո Հայաստանը հնարավորություն կունենա օգտագործել իր ամենամեծ հարստությունը»:

Բայց Ալիեւի մեկնաբանմամբ ամեն ինչ այլ կերպ է թվում: «Մենք պատրաստ ենք համագործակցել: Արդեն քանի անգամ փոխվարչապետերը հանդիպել են: Հիմա Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից: Հայաստանը ցանկանում է կանխել Զանգեզուրի միջանցքի գործարկումը: Բայց նրանց դա չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք»,-ասել է Ալիեւը:

Բայց ինչու՞ Ադրբեջանի ղեկավարը սկսեց այդքան շտապել՝ անգամ քննադատելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի աշխատանքն այդ ուղղությամբ: Ինչու՞ է, դատելով բազմաթիվ ցուցումներից, Թեհրանը մտնում խաղի մեջ: Ակնհայտ է, որ այս ամենն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ:

Առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խումբը սկսեց ակտիվացնել իր աշխատանքը, որը կզբաղվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմամբ: Այս ձևաչափով պարտիան շահելու շանսեր Բաքուն քիչ ունի: Միևնույն ժամանակ, ըստ որոշ փորձագետների, Ֆրանսիան սկսել է Իրանի միջոցով գործել Անդրկովկասի ուղղությամբ: ԱՄՆ-ը եւս ինչ-որ որոշման է պատրաստվում, ինչը Ռուսաստանին ստիպում է խորանալ Անդրկովկասի բարդ գլուխկոտրուկների մեջ:

Եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, հարվածի տակ կհայտնվի Հայաստանի և Արցախի միջև գտնվող Լաչինի միջանցքը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահներին, ապա նրանք կարող են անցում կատարել Ադրբեջանով: Հաշվի առնելով, որ Զանգեզուրի միջանցքի նկատմամբ կա համաշխարհային դերակատարների (Ռուսաստան, Թուրքիա, Չինաստան, ԵՄ) հետաքրքրություն, դրա վերահսկողության համար պայքարը ենթադրում է կատաղի աշխարհաքաղաքական առճակատում:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին «զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և վրեժխնդիր լինելու ցանկությունից՝ հետևեով Մոսկվայում 2020թ.-ի նոյեմբերին և 2021թ.-ի հունվարին տեղի ունեցած բանակցությունների եռակողմ պայմանավորվածություններին»: Կստացվի՞ արդյոք:

 

 Աղբյուր՝ regnum.ru

Back to top button
Close