Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

«2-րդ Ղարաբա՞ղ»՝ Ֆերգանայի հովտում. ի՞նչ ունեն կիսելու Ղրղզստանն ու Տաջիկստանը

«Ղրղզա-տաջիկական սահմանին տեղի ունեցած բախումների հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ, և ցանկացած պահի կարող է հակամարտություն բռնկվել»,- գրում է REGNUM-ի հոդվածագիր Գրիգորի Միխայլովը:

Ղրղզստանի և Տաջիկստանի հարևան գյուղերի բնակիչների միջև հակամարտությունը սկսվել է ապրիլի 28-ին՝ Քյոք-Թաշ գյուղի տարածքում: Տաջիկական կողմը միակողմանիորեն հսկողության տեսախցիկներ էր տեղադրել «Գոլովնոյ» ջրաբաշխման կետի մոտ, ղրղզական կողմը դեմ էր: Բղավոցները վերածվել են ծեծկռտուքի. մասնակիցները քարեր են նետել միմյանց վրա, այնուհետև հնչել են կրակոցներ: Ապրիլի 29-ին առճակատմանը միացել են երկու կողմերի զինվորականները: Օգտագործվել են հրաձգային զենքեր. տաջիկ սահմանապահները կիրառել են ականանետեր և նռնականետեր, ղրղզական կողմը գործի է դրել դիպուկահարներին:

Հակամարտությանը նախորդել էր տաջիկ սահմանապահների կողմից երկու ղրղզ շինարար-բանվորների ծեծը, ինչպես նաև ղրղզների կողմից տաջիկ դպրոցականների առևանգման մասին կեղծ լուրերը:

Վիճելի տարածք

Ղրղզստանի ու Տաջիկստանի բաժանարար սահմանը մոտ 980 կիլոմետր է, որից շուրջ 400-ը վիճելի է: Ղրղզստանի և Տաջիկստանի իշխանությունները բազմիցս փորձել են հասնել փոխզիջման և ամբողջական սահմանազատման: Չի ստացվել: Երկու կողմերն էլ դժգոհում են հակառակ կողմի համառությունից և զիջումներ անելու անպատրաստակամությունից: Գործն ավելի է բարդացրել ղրղզական կողմից բանակցողների պարբերական փոփոխությունը:

Ներկայիս հակամարտությունն առաջինը չէ: Վերջին 12 տարում սահմանային միջադեպերի թիվը գերազանցել է 150-ը: Ընդունված է կարծել, որ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին բախումները սկսվել են ԽՍՀՄ փլուզումից հետո: Դա սխալ կարծիք է: Բախումներ տեղի են ունեցել նաև 1930-ականներին: Իսկ 1975 և 1989 թվականներին Աք-Սայ գյուղի բնակիչները ջրի պատճառով կռվել են հարևան Վորուղ անկլավի բնակիչների հետ:

Ինչպես այս օրերին, 2016թ.-ի հունվարին Աք-Սայում բախումների ժամանակ Տաջիկստանի սահմանապահները կիրառել են հրաձգային զենքեր, ականանետեր և նռնականետեր: 2019-ին հակամարտությունը կրկին բռնկվել է. առնվազն երկու մարդ մահացել է, 30-ը՝ վիրավորվել:

Նախորդ բախումների համեմատ, ներկայիս հակամարտությունն ամենախոշորն էր: Երկու կողմերից առնվազն 57 մարդ արդեն վիրավորվել է, 2-ը սպանվել են: Մեծ է իրավիճակի սրման և ուժայինների ավելի մեծ թվով ներգրավվածության հավանականությունը: Կողմերը զրահամեքենաներ ու հրետանի են տեղափոխում միջադեպի վայր:

Ապրիլի 29-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Ղրղզստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են լիակատար հրադադարի և ռազմական ուժերի դուրսբերման մասին:

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային բախումների պատճառները

Դեֆիցիտ. Վիճելի հողատարածքները տեղակայված են խիտ բնակեցված շրջանում, որտեղ ջրի և հողի սուր պակաս կա (ցանքատարածքներ և արոտավայրեր): Ջրի բաշխման, առաքման և կուտակման վերահսկողությունը թույլ է տալիս ազդեցություն ունենալ հարյուրավոր մարդկանց կյանքի վրա: Ցանկացած ձախողում հարյուրավոր մարդկանց սպառնում է բերքի կորուստներով:

Մաքսանենգություն. Մի շարք բնակավայրեր գտնվում են անմիջապես սահմանային գծի վրա կամ դրան հարող գոտում: Չկարգավորվող տարածքների առկայությունը տեղի բնակիչներին թույլ է տալիս ապրանքներ առաքել՝ շրջանցելով մաքսակետերը: Նման գոտիների նկատմամբ վերահսկողությունը և մաքսանենգության բիզնեսում մրցակիցների դեմ պայքարը հաճախ դառնում են ագրեսիայի բռնկումների իրական պատճառներ:

Աղքատություն. Բնակչության սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակը մեծացնում է տարածաշրջանի կոնֆլիկտային ներուժը: Տեղի բնակիչների մեծ մասը, մեղմ ասած, հարուստ չէ, չունի որակյալ կրթություն և բժշկական ծառայություններ ստանալու հնարավորություն: Այս ֆոնի վրա աճում է կրոնի դերը, ակտիվանում են արմատական շարժումները:

Քաղաքականություն. Ղրղզստանի նոր նախագահ Սադիր Ժափարովը և նրա համախոհը՝ Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը, հարևանների հետ մի շարք բանակցություններ վարելով, փորձեցին լուծել սահմանային խնդիրները: Ղրղզական ընդդիմությունը շահագրգռված չէ հանրապետության ղեկավարության հաջողություններով: Բանակցային գործընթացը խափանելու համար կազմակերպվում են հանրահավաքներ, սադրանքներ, երբեմն պայմանավորվածությունների սաբոտաժ: Բանակցային գործընթացի ակտիվ քննադատությունը և ազգի դավաճանության մեղադրանքները քաղաքական գործիչներին նաև հնարավորություն են տալիս բարձրացնել իրենց ժողովրդականությունը և «իսկական հայրենասերի» իմիջը: Ղրղզական քաղաքականության փորձը ցույց է տալիս, որ գործնականում բոլոր քաղաքական գործիչները, ովքեր իրենց վրա են վերցրել սահմանային խնդիրների լուծման պատասխանատվությունը, զգալի վնասներ են կրել: Անկախ ձեռք բերված պայմանավորվածություններից՝ նրանք մեղադրվում էին «ազգի շահերը դավաճանելու» և «վաղեմի ղրղզական երկիրը մասնատելու» մեջ:

Ժողովրդագրություն. Բիշքեկի համար տագնապալի ժողովրդագրական գործընթացներ են տեղի ունենում Տաջիկստանին սահմանակից ղրղզական շրջաններում: Տաջիկների թիվը, ովքեր ապրում են սահմանի մոտ, ինչպես նաև Ղրղզստանի ներսում գտնվող անկլավներում, տարեցտարի աճում է: Միևնույն ժամանակ, ղրղզական էթնիկ խմբի ներկայացուցիչների թիվը նվազում է. մարդիկ տեղափոխվում են մայրաքաղաք կամ արտագնա աշխատանքի մեկնում Ռուսաստան: Ապագայում այս գործընթացը կարող է հանգեցնել տարածքի վերահսկողության փաստացի կորստի: Սա մեծապես մտահոգում է տեղի բնակչությանը:

Արտաքին գործոն. Սահմանային տարածքների ճակատագիրը որոշելու գործում ներգրավված ներքին խաղացողներից բացի, կան նաև արտաքին ուժեր: Վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է արևմտյան մի շարք երկրների գործունեությունը վիճելի շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու հարցում, տեղերում ստեղծվում են ազդեցության ցանցեր: Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և ԵՄ մի շարք երկրների դեսպանություններն ավելացնում են հնարավորությունները սահմանային տարածքներում ազդեցության համար՝ բարձրացնելով հանրային կարծիքի տեղի առաջնորդների, ուժայինների, պաշտոնատար անձանց և լրատվամիջոցների ներկայացուցիչների լոյալությունը: Միևնույն ժամանակ, չի կարելի միանշանակ պնդել, որ ներկայիս հակամարտությունը պայմանավորված է «արտաքին ազդեցությամբ». նման տեղեկատվություն դեռ չի ստացվել:

Ամփոփելով վերը նշվածը՝ կարելի է ասել, որ տարածաշրջանում առկա հակամարտությունները պայմանավորված են դժվար հաղթահարվող մի քանի գործոններով՝ աղքատություն, ջրի սակավություն և ընդդիմության գործունեություն: Հատկապես կարելի է ընդգծել մաքսանենգության թեման:

Ըստ REGNUM-ի՝ սահմանամերձ գյուղերով մաքսանենգ հոսքերի վերահսկման խնդիրն էր, որ առիթ հանդիսացավ սահմանային հակամարտության: Գնաճի և արտագնա աշխատանքի համար Ռուսաստան մեկնելու անհնարինության ֆոնին եկամտի ցանկացած տեղական աղբյուրի արժեքը զգալիորեն աճում է:

Արդյո՞ք «2-րդ Ղարաբաղն» է տեղի ունենում Ֆերգանայի հովտում

Ներկայիս հակամարտության համեմատությունը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, որը հայտնվել է մի շարք լրատվամիջոցներում, տեղին չէ: Ի տարբերություն հայ-ադրբեջանական դիմակայության, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերը, ընդհանուր առմամբ, գրեթե հավասար ուժեր ունեն. ոչ Տաջիկստանը, ոչ էլ Ղրղզստանը այս տարիների ընթացքում չեն պատրաստվում հարձակողական պատերազմի: Այս տարածաշրջանում գերիշխող ուժը Ուզբեկստանն է (մեծ հաշվով՝ Չինաստանը և Ռուսաստանը), որոնք շահագրգռված չեն հակամարտությունը սրելու և այն լիարժեք ռազմական գործողությունների վերափոխելու մեջ:

Back to top button
Close