ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Դաժանագույն ցնցումներ ենք ունենալու, ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմ. խորհրդարանը չի աշխատելու». Ս. Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով հարցադրմանը, թե ինչ տեղի ունեցավ երեք տարի առաջ, ինչու հակառակ սպասելիքներին, որ երկիրն ավելի է ամրանալու, բոլորովին այլ պրոցեսի ականատեսը դարձանք, նշեց.

«Ոչ մեկս չենք կարող վերջնական գնահատական տալ, այլ կարող ենք տեսակետներ հայտնել, և յուրաքանչյուրի տեսակետը տարբեր կլինի:

Մենք տեսանք, որ նույնիսկ թեզերի մակարդակով ոչինչ չկար. կար պարզունակ բանաձև՝ Սերժին մերժելու և հետո՞… Հետոն գոյություն չուներ, և հետոն գնաց դաժանագույն դեմագոգիա՝ նախկին-ներկա, թալան, վերջին կոպեկը հետ վերադարձնելու, և այդ ամենի տակ անում են նույն թալանը իրենք: Որովհետև այդ թալանն օրինականացվեց՝ պարգևավճարների տեսքով: Ինչ-որ անհասկանալի մարդկանց խումբ հայտնվեց խորհրդարանում, որոնց իրենց ղեկավարը կաշառում է ամեն ամիս, որպեսզի իր համար ձայն տանի: Ե՛վ կաշառում է, և՛ վախեցնում է… Այսպիսի մի համակարգ են սարքել, և դա ավելի ցինիկ համակարգ է, քան գոյություն ուներ»: Արդյունքն, ըստ Դանիելյանի, այն է, որ քայքայվեց տնտեսությունը, անվտանգությունը…

«Սրանից բացի՝ կար նաև մի այլ էլեմենտ, որն ակնհայտ է. դա դրսից կառավարվող էլեմենտն էր, որովհետև մենք տեսանք, որ կային հստակ տեխնոլոգիաներ՝ շատ պարզ, բայց շատ լավ աշխատող»:

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ Ստեփան Դանիելյանը կարծիք հայտնեց, որ ընտրական գործընթացով ճգնաժամը չի հանգուցալուծվելու:

«Եթե այս գործող ուժը վերարտադրվի, ապա այն, ինչ որ մենք այսօր տեսնում ենք, փոքրիկ ծաղիկներ են… Բնականաբար, հանրության մի ակտիվ հատված երբեք չի համակերպվելու այս իշխանության վերարտադրման հետ, խորհրդարանում ընդդիմությունը չի լինելու միայն «Լուսավոր Հայաստանն» և ԲՀԿ-ն: Խորհրդարանում առաջին հերթին կլինեն նաև հակառակ բևեռի ներկայացուցիչները, եթե այս իշխանությունը վերարտադրվի, այդ խորհրդարանը չի աշխատի: Մենք դաժանագույն ցնցումներ ենք ունենալու, ընդհուպ մինչև բռնությունների կիրառում, մենք արդեն քաղաքացիական պատերազմի կգնանք: Այսինքն, այս իշխանության վերարտադրությունը քաղաքացիական պատերազմով է հղի»:

 

 

Back to top button
Close