Նորություններ

«Մեր վաշտը՝ մոտ 60 հոգի, յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ աղոթում էր։ Ես էի ասել, որ աղոթեն։ Մեզանից որևէ մեկը չզոհվեց». forrights.am

Ժամկետային զինծառայող Մերուժան Աբգարյանը ծառայել է Մատաղիսում։  Նա բանակ է զորակոչվել 2020  թվականի հուլիսի 30-ին։ Մոտ 2 ամիս էր, ինչ Մերուժանը բանակում էր, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմական գործողություններ սանձազերծեց։

Հակատանկիստ Մերուժանի ողջ մնալը  նրա ընտանիքի անդամները և հենց ինքը՝ Մերուժանը, հրաշք են համարում: Ասում են՝  նրան ու նրա սիրելի ընկերներին Աստված է պահել։

«Մեր վաշտը՝ մոտ 60 հոգի, յուրաքանչյուր  հինգ րոպեն մեկ աղոթում էր։ Ես էի ասել, որ աղոթեն։ Մեզանից որևէ մեկը չզոհվեց։ Ես նախկինում աստղածավախ էի, հիմա՝ առավել ևս», — ասում է Մերուժանը։

Թեև Մերուժանը պատերազմին մասնակցել է դրա մեկնարկի առաջին իսկ րոպեներից մինչև ավարտը, բայց երբ կարողացել է մորը, հորը կամ քույրերին զանգահարել, վստահեցրել է, թե ինքը մարտական գործողություններին չի մասնակցում։

«Ես, իհարկե, հոգու խորքում չէի հավատում, թե նա պատերազմին չի մասնակցում, բայց ինձ հույս էի տալիս, որ իմ տղան լավ է, ու նրան ոչինչ չի պատահելու։ Միայն հետո եմ ստույգ իմացել, որ որդիս թեժ մարտերի է մասնակցել, ավելին՝ պատերազմի ընթացքում երեք անգամ կանտուզիա է ստացել, բայց իր ընկերների հետ շարունակել է պայքարել», — ForRights.am-ին պատմում է Մերուժանի մայրը՝ Նարինե Աբգարյանը։

Մերուժանը  վիրավորում է ստացել պատերազմական գործողությունների դադարից հետո՝ 2021 թվականի փետրվարի 3-ին, դիրքերում․ ականը պայթել է  ու նրա ձախ ոտքը վնասել։

«Ականը պայթեց ու ինձ մոտ 50-60 մետր հեռավորության վրա գտնվող ձորակը նետեց։ Երբ օդում էի, այդ ակնթարթների ընթացքում արդեն հասկացել էի, որ ձախ ոտքս է վնասվել՝ ծնկիցս ներքև։ Սուր սավ էի զգում։ Հետո, երբ ընկա ձորակը, զարմանալի է, բայց շատ լուրջ վնասվածքներ չստացա, կարևորը՝ ողնաշարս չէր վնասվել։ Ես Հողի վրա ընկա։ Այն խոնավ էր, նույնիսկ ցեխ էր։ Հետո տեսա, որ կոշիկս պայթյունի հետևանքով ոտքիցս դուրս է եկել ու անհետացել, բայց ոտքս տեղում է։ Թեև անտանելի ցավեր ունեի, բայց  շատ ուրախացա, երբ տեսա՝ ոտքս տեղում է», — ասում է Մերուժանը։

Մերուժանը մարտական գործողությունների ընթացքում ամեն օր, ամեն րոպե պատերազմի բովում է եղել՝ մարտնչելով Մատաղիսում, Ասկերանում, Մարտակերտում, Շուշիում և այլուր մղվող մարտերին։ Նա ասում է՝  տարբեր տարածքներում են եղել՝ այնտեղ, որտեղ կար իրենց կարիքը։ Քանի որ նա ընդամենը երկու ամիս էր, ինչ զինվոր էր դարձել, որոշ զինատեսակների կիրառման հմտություններ չի ունեցել․ եղել են զենքեր, որոնցով առաջին անգամ է կրակել։

«Վախենալու կամ երկմտելու ժամանակ չկար։ Կամ պիտի ռիսկով գնաս, թեկուզ առաջին անգամ այդ զենքով կրակես ու թշնամուն խոցես կա՛մ պիտի քեզ ու ընկերներիդ սպանեն ու առաջ գան։ Այդտեղ առանձնապես ընտրության հնարավորություն չկա, ինքնաբերաբար առաջին տարբերակն ես ընտրում», — ասում է Մերուժանը։

Պատերազմի ընթացքում շատ սարսափելի տեսարանների է ականատես է եղել․ տեսել է, թե ինչպես են իր աչքի առաջ զոհվում իր զինակից ընկերները, մարմնի  մասունքներ է տեսել, մերձամարտեր ունեցել թշնամու հետ․․․

«Պատերազմի ընթացքում մեր տղաներից մեկը հոգեբանական կամ, գուցե, նույնիսկ հոգեկան խնդիրներ ունեցավ։ Այդ խառը վիճակում մենք ջանում էինք և՛ կռվել, և՛ հոգալ  նրա մասին՝ նրա հետ խոսել, հանգստացնել, հույս ու պայքարի ուժ տալ և, իհարկե, ամենակարևորը՝  օգնել,  որ դուրս գա այդ ծանր վիճակից։ Խելագարվելու տեսարաններ կային․ բնական է, որ կարող էր նման բան լինել։ Փառք Աստծո, նա հենց պատերազմի ընթացքում համեմատաբար կազդուրվեց ու շարունակեց պայքարը», — ասում է Մերուժանը։

Պատերազմի ընթացքում ոչ մեկն իր կյանքի մասին չէր մտածում։

«Մենք մտածում  էինք գոնե մի փոքր առաջ գնալու մասին կամ գոնե մեզ վստահված տարածքները պահելու մասին։ Մեկս մյուսի մասին մտածում էինք ավելի շատ, քան հենց մեր անձի», — հավելում է 19-զինվորը։

Մերուժանի կյանքը նրա ընկերներն ու սպաները այդ սկզբունքով  առաջնորդվելով են փրկել․ իրենց  անվտանգության մասին չմտածելով՝ վազել են Մերուժանին օգնելու։

«Այն ձորակը, որտեղ ես հայտնվել էի ականի պայթյունից հետո, կարող էր ականապատված լինել։ Հավանականությունը, իսկապես, շատ մեծ էր։ Երբ ականի վրա պայթեցի, այդ պահին ընկերներս ինձ տեսան, իսկ երբ արդեն ձորակում էի, ընկերներիցս մեկը վազելով գալիս էր դեպի ինձ։ Ես գոռում էի՝ մի՛ արի, այստեղ ևս կարող են ականներ լինել։ Ընկերս կանգ չէր առնում, ավելին՝ նրա ետևից վազքով գալիս էին մյուս ընկերներս ու իմ ապան։ Նրանցից ոչ մեկը չէր մտածում իր կյանքի մասին։ Մտածում էին մի վայրկյան առաջ ինձ մոտ հասնելու ու ինձ փրկելու մասին», — ընկերների ու սպայի մասին հիացմունքով  ու անսահման սիրով խոսելով՝ պատմում է Մերուժանը։

Պատերազմի բովում թրծված ու կոփված Մերուժանը ձորակում հայտնվելուց հետո անմիջապես հանել է գոտին, ոտքը կապել, որպեսզի արյունահոսությունը դադարեցնի։ Կարճ ժամանակ անց ընկերներն օգնության են հասել։

«Երբ ընկերս հասավ ինձ մոտ, շալակեց ինձ ու փորձում էր ձորակից վեր բարձրանալ՝ ինձ իր ուսերին պահած։ Խոնավ հողի վրայով բարձրանալը բարդ էր․ սահում էինք ու ետ գնում՝ առաջ գնալու փոխարեն։ Ընկերս չէր ուզում ինձ իր շակալից իջեցնոլ, որ ուժերս չսպառվեն։ Մի կերպ համոզեցի, որ ինձ իջեցնի, ես հենվեմ իր ուսին, օգնի, մի ոտքով քայլելով բարձրանամ։ Քնի որ ձախ ոտքս էր պայթյունի հետևանքով վնասվել, աջով կարողանում էի դժվարությամբ քայլել։ Հետո այդ դժվարին հատվածը բարձրացանք ու մյուս ընկերներս ու մեր սպան միացան մեզ ու պատգարակով ինձ տարան», — պատմում է Մերուժանը։

Այնուհետև նա տեղափոխվել է Մարտակերտի հոսպիտալ, հետո՝ Ստեփանակերտ, իսկ փետրվարի 3-ին՝ Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

«Բժիշկները շատ հոգատար են։ Մերուժանն արդեն երեք անգամ վիրահատվել է, շուտով չորրորդ  վիրահատությունն է լինելու։ Ձախ ոտքի բութ մատն արդեն կտրել էն։ Չորրորդ վիրահատության ընթացքում ձախ ոտքի երկրորդ մատն էլ կամպուտացնեն։ Բժիշկներն ուզում էին գոնե այդ մատը պահել, բայց հնարավոր չեղավ․․․», — պատմում է Մերուժանի մայրը՝ տիկին Նարինեն։

19-ամյա Մերուժանը լավատես է ու ժպտերես։ Ասում է՝ հավանաբար, ոտքի երկու մատը կպրոթեզավորեն, որպեսզի կարողանա նորմալ քայլել։ Մերուժանն ազատվել է զինվորական ծառայությունից։ Ասում է՝ կկարոտի բանակն ու իր սիրելի ընկերներին․ ափսոս, որ այդպես ստացվեց։

Խոսելով իր ու իր ընկերների՝ կյանքի գնով պահած տարածների մասին՝ Մերուժանի դեմքն այլայլվում է։ Ասում է՝ ցավալի է, որ այն տարածքները, որոնք տղաներն իրենց կյանքից թանկ էին գնահատում, հիմա բաժին է հասել թշնամուն։

«Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, հաստատ զինվորների մեղքով չէ, մեղավորներն այլք են։ Ես վստահորեն կարող եմ ասել՝ զինվորներն արել են այն ամենը, ինչը կախված էր իրենցից։ Այս պատերազմում զինվորները չեն պարտվել»,-եզրափակում է Մերուժան Աբգարյանը։

Հասմիկ Բալեյան

forrights.am

Back to top button
Close