ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Ուզում էր իր սեփական ջերմոցն ունենալ. մինչև հիմա իր գնած սերմերն իր դարակում դրված են, ու էդպես էլ ամեն ինչ կիսատ մնաց»

20-ամյա տանկիստ-մեխանիկ Էդմոն Արտակի Մնացականյանը ծառայել է Կուբաթլուում, պատերազմի առաջին իսկ օրերից տեղափոխել են Ջաբրայիլ՝ Ջրական, որտեղ մասնակցել է թեժ մարտերի:

Հարազատները իրենց որդու հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 2-ին, ասել է, որ իր հետ ամեն ինչ լավ է: Տղայի անուն-ազգանունը հոկտեմբերի 6-ին հրապարակված է եղել զոհվածների ցուցակում, բայց ամիսներ շարունակ Մնացականյանների ընտանիքին չի փոխանցվել տղայի մարմինը:

Միայն 6 ամիս անց՝ ապրիլի 5-ին, հաջողվել է գտնել Էդմոն Մնացականյանի մարմինը:

«Էդմոնը անսահման ընկերասեր էր, բոլորին օգնող, բարեսիրտ, համեստ, սրտաբաց: Չէր ուզում ծնողներիս նեղություն տալ, հանկարծ ավել գումար էինք ուղարկում, ասում էր՝ ինչի՞ էք էդքան շատ ուղարկել:

Շատ երազանքներ ուներ… ուզում էր իր սեփական ջերմոցն ունենալ, լոլիկ աճեցնել, սունկ, նույնիսկ սերմեր էր գնել ու տարբեր բաներ էր աճեցնում: Մինչև հիմա իր գնած սերմերը իր դարակում դրված են, ու էդպես էլ ամեն ինչ կիսատ մնաց»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող Էդմոն Մնացականյանի քույրը՝ Անուշ Մնացականյանը:

Անուշը պատմում է՝ մինչև վերջին պահը հավատացել են, որ Էդմոնը կարող է գերեվարված լինել, որովհետև ականատեսների հայտնած տեղեկությունները հակասում էին մեկը մյուսին:

Ծառայությունը եղբորը շատ էր փոխել: «Շատ էր հասունացել, մեծացել… հենց հետը խոսում էինք, ասում էր՝ ծառայություն է էլի, ծառայեմ գամ. չէինք պատկերացնում, որ Էդմոնը էդպես լավ կծառայի:

Պատերազմի ժամանակ էլ, երբ հետը խոսում էինք, ասում էր՝ լավ է ամեն ինչ, նորմալ է: Ինքը քաղցրավենիք շատ էր սիրում, ասում էր՝ պեչենի ունենք, վաֆլի ունենք, ամեն ինչ ունենք, նորմալ հաց ենք ուտում:

Հետո մի օր զանգեց բոլորիս հետ առանձին խոսեց, ասացինք՝ քեզ շատ ենք սիրում, քեզ լավ նայի, ասաց՝ ես էլ ձեզ եմ շատ սիրում: Էդմոնը միշտ հավատում էր, որ իրեն բան չի լինի:

Էդմոնը իր սոցցանցի էջի նկարի տակ գրել էր. «Лети туда, где нет суда и труда»… չգիտեմ ինչ է զգացել, որ նման բան է գրել»:

Անուշ Մնացականյանն ասում է՝ իրենց հերոսի կոչում պետք չէր, դա ոչ մխիթարում է, ոչ էլ կորստի ցավն է մեղմում.

«Կարող էին զինվորներին փրկեին և անեին այնպես, որ զոհեր չլինեին… սա ցեղասպանություն էր, մի ողջ սերունդ կոտորեցին:

Ունեմ հպարտության զգացում և գլուխս պետք է բարձր պահեմ: Իմ եղբայրը ուժեղ է եղել, չի հանձնվել, ուրիշների նման դիրքը չի թողել ու փախել:

Իրենք գնացել էին իրենց ընտանիքները պաշտպանելու համար, բայց ստացվեց, որ անմիտների պատճառով տղերքը զոհվեցին: Ես ինքնախաբեությամբ չեմ զբաղվի ու ասեմ, որ իրենք զոհվեցին հանուն հայրենիքի. չկա նման բան, ափսոսում եմ, որ եղբորս էլ հետ չենք բերի»,- եզրափակում է Անուշ Մնացականյանը:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close