Նորություններ

«ԱՄՆ-ի հեղինակությունը մեծ է աշխարհում, և դա փոխում է ընդհանուր մթնոլորտը, պետք է օգտվել այդ հանգամանքից և սկսել լուրջ, հետևողական աշխատել՝ հատուցում ստանալու համար». Ռ.Սաֆրաստյան

«ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է դեռևս 2019թ.-ից, երբ ստորին և վերին պալատները պաշտոնապես ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Այնպես որ, Բայդենի այս հայտարարությունը այդ գործընթացի շարունակությունն էր»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Թուրքագետը ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը պայմանավորում է մի քանի հանգամանքով:

«Ամերիկյան վերնախավը՝ ի դեմս Բայդենի, շատ դժգոհ է Թուրքիայից իր վերջին տարիներին վարած քաղաքականության համար և կարող է հիմա իրեն թույլ տալ Թուրքիային պատժել, այսպես ասած, իր տեղը ցույց տալ և չմտածել, որ դա կբերի աշխարհաքաղաքական առումով ինչ-որ հետևանքների, քանի որ Թուրքիան Ամերիկայի համար իր կարևոր նշանակությունը կորցնում է:

Մյուս կարևոր հանգամանքը մեր հայկական կազմակերպությունների աշխատանքն է: Տասնամյակներ շարունակ հետևողականորեն աշխատում են ԱՄՆ-ի վերնախավի տարբեր խմբավորումների հետ, պատրաստում են «դոսե»-ներ և այլն:

Անկախ Բայդենի այս հայտարարությունից՝ ես սպասում էի, որ Բայդենի վարչակազմի կառավարման շրջանում Միացյալ Նահանգների քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ավելի դրական կլինի, քան Թրամփի ժամանակ էր: Չպետք է մոռանալ, որ ԱՄՆ-ի դեմոկրատների կուսակցությունը ավելի սերտ կապեր ունի հայկական կազմակերպությունների հետ, և դա նշանակում է, որ ավելի բարձր մակարդակով կլինեն Հայաստանի հետ հարաբերությունները»,- շարունակեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը, անդրադառնալով Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Թուրքիայի արձագանքին, հայտարարեց.

«Այն հայտարարությունները, որոնք հնչել են Թուրքիայից, աչքի չեն ընկնում սուր հակաամերիկյան քննադատություններով, ուղղակի դրանցում նշվում է, որ Բայդենի այդ հայտարարությունը կարող է ծանր վերք հասցնել թուրք-ամերիկյան հարաբերություններին, և հետո դժվար կլինի դարմանել այդ վերքը:

Կոնկրետ քայլ, որ Թուրքիան կարող է ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, դրա մասին խոսակցություններ չկան:

Մամուլում քննարկվում է, և որոշ գործիչներ են հանդես գալիս նման պահանջով, որ Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազան, որից օգտվում են նաև ամերիկացիները, արգելվի ամերիկացիների մուտքը այդ ռազմաբազա»,- նշեց Սաֆրաստյանը:

Թուրքագետի կարծիքով՝ հիմա Հայաստանը պետք է ավելի լուրջ մտածի փոխհատուցում ստանալու համար:

«ԱՄՆ-ի հեղինակությունը մեծ է աշխարհում, և դա փոխում է ընդհանուր մթնոլորտը, պետք է օգտվել այդ հանգամանքից և սկսել լուրջ, հետևողական աշխատել՝ հատուցում ստանալու համար»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button