Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

«Հայ եղբայրներ, քրիստոնյաներ, Աստված մեզ հետ է». Բացի հայերից, էլի կան ազգեր, որոնք հաշիվներ ունեն Թուրքիայի հետ. Regnum

«Հունաստանում ուրախությամբ են ընդունել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը»,- գրում է «Ռեգնում»-ը:  Open TV հեռուստաալիքի էջում տեղադրված տեսանյութերի ներքո հույն օգտատերերը մեկնաբանություններ են արել այդ իրադարձության հետ կապված:

«Թուրքիան պատմություն չունի, ունի միայն սեւ հանցավոր պատասխանատվություն…»,-հակիրճ նշել է Նիկոս Պապադիմիտրիուն: Նրան արձագանքած մյուս օգտատերը կարծիք է հայտնել, որ «ԱՄՆ-ի որոշումը լուրջ ուղերձ է նրանց համար, ովքեր հավատում են, որ Թուրքիան փոխվել է կամ փոխվելու է: Թուրքիան նույն քաղաքականությունը վարում է ավելի քան հարյուր տարի, եւ մեկ անգամ չէ, որ կոտորած է արել»: «Բայց ոչ թե հարյուր տարի, այլ հազար»,-ընդգծել են մյուս օգտատերերը: «Դա Թուրքիայի մեղքը չէ, դա յուրաքանչյուր թուրքի մեղքն է, ով ցանկանում է իշխանություն ձեռք բերել մարդկանց սպանելով և խոշտանգելով», — պատասխանել է առաջին մեկնաբանը:

«Դա պետք է արվեր շատ տարիներ առաջ՝ անմեղ զոհերի հոգիներին հանգստություն բերելու համար»,-ասել է Անգելոս Էվալիոտիսը: «Թող Աստված նրանց հոգիներին հանգստություն տա»,-շարունակել է Յոզեֆ Խիխլին:

«Ճիշտն ասած, ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում «ճանաչել»: Դա պատմական փաստ է: Դա նույնն է, թե ինչ-որ մեկն ասի, որ իրենք բանակցություններ են վարում՝ որոշելու համար՝ եղե՞լ է արդյոք Երկրորդ աշխարհամարտ»,-ընդգծել է Գիորգոս Պապը: «Բայց թուրքերը խոչընդոտում էին, հետեւաբար նման ճանաչումներն անհրաժեշտ են»,-արձագանքել է մեկ այլ օգտատեր: «Ճանաչում՝ նշանակում է երկրի կողմից այդ փաստի պաշտոնական ընդունում, ինչը ճանապարհ է հարթում միջազգային դատարաններում հայցերի համար»,-բացատրել է Ջորջ Սոլոմոնը:

Կան նաև տագնապալի տպավորություններ. «Ես շատ ուրախ եմ, որ տեղի ունեցավ ցեղասպանության ճանաչումը, բայց մենք պետք է այլ կողմ նայենք: Այդպիսի ծանր հարվածից հետո Ամերիկան ​​պետք է Թուրքիային ինչ-որ սփոփիչ բան տա, որպեսզի Էրդողանի անկումից հետո նրան վերադարձնի իր տրամադրության տակ, և դա կլինի Էգեյան ծովը` ծովի կեսը: Հույներ, պատրաստվե՛ք»,- գուշացրել է Լիա Պանայուլակին:

«Ժամանակը բացահայտում է ճշմարտությունը: 20-րդ դարում երկու պետություն են ցեղասպանություն իրականացրել, և դա նրանց ընդհանրությունն է: Թուրքիան առաջինն էր, ով սովորեցրեց, իսկ Գերմանիան հաջորդեց նրան»,-նշել է Քրիստոդուլոս Գալտեմիսը:

Դիոնիսոս Վիտուլկասը գրել է. «Հայ եղբայրներ, քրիստոնյաներ, Աստված մեզ հետ է: Հիմա մենք պետք է աղոթենք, որպեսզի Թուրքիան ջնջվի աշխարհի քարտեզից»:

Հույները կարծում են, որ բացի հայերից, այլ ժողովուրդներ եւս հաշիվ ունեն Թուրքիայի հետ: Շատերը խոսում են Պոնտոսի հույների ողբերգական ճակատագրի մասին:

«Վերջապես, այսքան տարի անց, ինչքան ուրախացա դաշնակցի պաշտոնական հայտարարությունից: Հաջորդ հայտարարությունը, և հուսով եմ, որ շատ շուտով, կլինի պոնտոսցիների ցեղասպանության ճանաչումը»,-իր ակնկալիքներով կիսվել է Կոնստանդինոս Ալատոպուլոսը: «Ժամանակն է ճանաչել Պոնտոսի և Ասիայի հույների ցեղասպանությունը»,-նշել է մեկ այլ օգտատեր:

Բայց կան նաև հոռետեսական կարծիքներ. «Շատ լավ կլիներ ճանաչել պոնտոսցիների ցեղասպանությունը, բայց նրանք չեն պայքարում համապատասխան արդյունքի համար: Ոչ միայն պոնտոսցիները, այլև ընդհանրապես բոլոր հույները չեն պայքարում իրենց ժողովրդի ցեղասպանության ճանաչման համար, եւ այդ պատճառով էլ չկա այդպիսի ճանաչում»:

«Արդյո՞ք ժամանակը չէ բարձրացնել քրդերի շարունակվող ցեղասպանության հարցը»,- հարց է ուղղել օգտատերերից մեկը:

«Թուրքիան ասում է, որ Ամերիկան ​​պետք է քավի իր մեղքը: Նրանք հավատում են մեծ Օսմանյան կայսրությանը, իրենց բոլոր պետություններին վերաբերվում են այնպես, կարծես գերտերություն լինեն: Նրանք ուզում են խոսել ուժի դիրքերից: Մոտ ապագայում նրանք խնդիրներ կունենան նաև Ռուսաստանի հետ»,-եզրափակել է Կոստաս Դրագոնիսը:

Աղբյուր՝ regnum.ru

Back to top button
Close