Նորություններ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Mercedes-ն ու Opel-ը բախվել են եւ հայտնվել ձորակում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Այսօր՝ ապրիլի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 19:40-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարան-Քուչակ 4-րդ կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Ապարանի հիվանդանոցի բժիշիկների հերթապահ խումբնը, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո վիրավորները շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը:

Այս պահին տեղում ծառայություն են կատարում ՃՈ ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ապարանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանը, Վահագն Էլոյանն ու Անուշավան Աղաջանյանը:

Փաստի առթիվ Ա, Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close