Նորություններ

Վարչապետը և Կիպրոսի պաշտպանության նախարարը կարևորել են բազմաոլորտ գործընկերության զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի կառավարական պատվիրակությանը՝ ապրիլի 24-ին Հայաստանի կողքին լինելու և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար: «Ձեր այցը հայ և կիպրացի ժողովուրդների դարավոր բարեկամության ու համերաշխության վառ վկայությունն է: Մենք բարձր ենք գնահատում Կիպրոսի աջակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացում», — ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ երկու երկրներն ունեն ընդհանուր արտաքին մարտահրավերներ, և Հայաստանը կարևորում է Կիպրոսի հետ գործընկերության խորացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության:

Նախարար Պետրիդեսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Կիպրոսի նախագահի ողջույնները և պատիվ համարել խորհրդանշական այս օրը Հայաստանում լինելը, բարեկամ հայ ժողովրդի հետ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը ոգեկոչելը: «Մեր ժողովուրդներն ունեն պատմականորեն ձևավորված սերտ կապեր, ընդհանուր մարտահրավերներ, և մենք հետաքրքրված ենք խորացնելու հայ-կիպրական համագործակցությունը», — նշել է Կիպրոսի պաշտպանության նախարարը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգության հարցերի շուրջ:

Back to top button
Close