Նորություններ

Ավակովը կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունն ողբերգության կրկնումից խուսափելու համար

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Աշխարհը ոգեկոչում է սպանված, խոշտանգված, սովից մահացած 1,5 միլիոն մարդկանց հիշատակը, որոնց միակ մեղքը մարդասպանների առջև «սխալ» ազգությունն ու «սխալ» հավատքն էր: Դա մանրակրկիտ և ծրագրված սպանություն էր, որը տևել է 2 տասնամյակ:

1915 թվականի ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրությունում մեկ գիշերվա ընթացքում, հարյուր հազարավոր մտավորականներ, հոգևորականներ, գրողներ, փիլիսոփաներ և արվեստագետներ ձերբակալվեցին. այն մարդիկ, որոնք հայ ժողովրդի հոգևոր առաջնորդներն էին, նրանք, որոնք կարող էին իրենց ետևից տանել: Նրանք գրեթե բոլորը սպանվել են:

Նախապես թուրք զավթիչները զորակոչում էին բանակ և գնդակահարում հայ զինվորականներին: Ցեղասպանության ծրագրի այս երկու փուլերից հետո մնացածները՝ կանայք, երեխաներ, ծերեր, բռնի կերպով քշվում էին իրենց հայրենի երկրից և տարվում էին անապատ: Վերաբնակիչների մեծ մասը մահանում էր սովից և հիվանդությունից: Գրեթե ոչ ոք տեղ չի հասել:

Նրանք, որոնք կարողացան փախչել, ցրվեցին օտար երկրներով և ընդմիշտ կորցրեցին իրենց հայրենիքը:

Այդ ժամանակ մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը, և հասարակությունը միայն անհանգստություն էր հայտնում:

Դա ձեզ ինչ-որ բան չի հիշեցնո՞ւմ ․..

Քառորդ դար անց Հիտլերը հռետորական հարց էր տալիս. «Ո՞վ է հիշում այսօր հայերի բնաջնջումը»: Պատասխանը Հոլոքոստն էր:

Հայոց ցեղասպանությունը մեկ ժողովրդի ողբերգություն չէ: Սա սարսափելի և, ցավոք, չյուրացված դաս է ողջ մարդկության համար: Մինչ այժմ ոչ մի երկիր և ոչ մի ժողովուրդ ապահովագրված չէ ողբերգության կրկնությունից: ՄԱԿ-ի կողմից ճանաչված վերջին ցեղասպանությունը կատարվել է բոլորովին վերջերս `1995 թվականին` հայ ժողովրդի ողբերգությունից 80 տարի անց, մեր և ձեր կյանքի ընթացքում:

Առավել մանրամասն՝ հղումով։

Back to top button