Նորություններ

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և նրա գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը:

Նախարար Այվազյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց Ֆրանսիայի Սենատի նախագահին՝ հայ ժողովրդի համար խորհրդանշական այս օրերին Հայաստան այցելելու և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ այս օրերին նման բարձրաստիճան ներկայացվածությամբ այցը վերահաստատում է Հայաստանի և Ֆրանսիայի հանձնառությունը երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը:

Կողմերը գոհունակություն հայտնեցին հայ-ֆրանսիական բազմաբովանդակ  հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով բարձր մակարդակում փոխայցելությունների կարևորությունը և արդյունավետ երկխոսության շարունակականության կարևորությունը:

Անդրադառնալով միջխորհրդարանական մակարդակում երկու երկրների միջև ձևավորված սերտ համագործակցությանը՝ կողմերն առանձնահատուկ կարևորեցին Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի նշանակալի ավանդը: Այս համատեքստում նախարար Այվազյանը ողջունեց պատվիրակության կազմում գտնվող Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին ու փոխնախագահ Էրվե Մարսելին:

Տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն անդրադարձան թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին։ Այս առնչությամբ նախարար Այվազյանը կարևորեց Ֆրանսիայի Սենատի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձևի ընդունումը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցի ուշադրությունը հրավիրեց նաև Արցախում պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման կարևորագույն խնդրին և այդ գործում միջազգային համապատասխան կառույցների ներգրավվածության կարևորությունը։

Back to top button
Close