Նորություններ

«Հայերը մեռնում էին աշխարհում եղած բոլոր մահերով…». Ապրիլի 24-ը՝ հիշատակի եւ հետեւությունների օր

1915թ.-ին տեղի ունեցավ XX դարի առաջին ցեղասպանությունը՝ Հայոց ցեղասպանությունը: Դա կատարվեց հայերի բնօրրան Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության բոլոր հայաբնակ վեց վիլայեթներում՝ Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Վանի և Դիարբեքիրի նահանգներում, մայրաքաղաք Ստամբուլում: Դա մի ազգի կողմից մեկ այլ ազգի տոտալ ֆիզիկական վերացման նախադեպը չունեցող առաջին ոճիրն էր:

Ապրիլի 24-ը Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակի օրն է։ Հայոց ցեղասպանությունը, մեր պատմության մեծագույն ողբերգությունը լինելուց բացի, նաև ամենակարևոր դասն է, որից պետք է հետևություններ անել:

Օսմանյան կայսրությունը ցեղասպանության միջոցով նպատակ ուներ մեկընդմիշտ փակել Հայկական հարցը։ Ընդհանուր առմամբ՝ 1895-ից մինչև 1922 թվականը զոհվել է ավելի քան 2.600. 000 հայ, 1915-23 թթ.-ին՝ շուրջ 1.500.000:

Ինչպես վկայել է գերմանացի բանաստեղծ, հրապարակախոս ու մարդասեր Արմին Վեգները՝ «Հայերը մեռնում էին աշխարհում եղած բոլոր մահերով…»:

Իսկ գերմանացի հասարակական գործիչ  Յոհաննես Լեփսիուսը գրել է. «Հարց է առաջանում, թե ինչպե՞ս հաջողվեց այդքան կարճ ժամանակամիջոցում բնաջնջել ավելի քան մեկ միլիոն մարդու: Դա հնարավոր եղավ ամենաբարբարոս մեթոդների շնորհիվ, ինչն ապացուցված է նաև Ստամբուլի զինվորական ատյանի նյութերով, որը դատել էր Թալեաթ փաշային և նրա զինակիցներին…»:

Առաջին աշխարհամարտից հետո Լեփսիուսը հրապարակել է բազմաթիվ կարևոր փաստաթղթեր՝ Գերմանիայի և Թուրքիայի դեսպանների, հյուպատոսների և պաշտոնական այլ անձանց գաղտնի զեկուցագրերը, ականատեսների վկայությունները, որոնք հաստատում են, որ երիտթուրքերի կազմակերպած հայերի տեղահանությունն ու կոտորածները նպատակ ունեին ոչնչացնելու հայ ժողովրդին, և այդ հանցագործության մեջ մեղքի իր բաժինն ունի նաև Գերմանիան:

1921 թ.-ին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ նա հանդես է եկել որպես վկա և մերկացրել երիտթուրք ոճրագործ Թալեաթ փաշային:

Նորվեգացի գիտնական, դիվանագետ և մարդասեր Ֆիրտյոֆ Նանսենն ասել է. «Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ իր հավասարն ունենա 1915 թ.-ին սկսված ջարդերի հետ»։  Նա խստագույնս դատապարտել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի և երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանությունը:  Նանսենը մեծապես օգնել է գաղթականներին. բազմահազար հայ փախստականներ ստացել են «Նանսենյան անձնագիր», ինչը մասամբ թեթևացրել է նրանց դրությունը:

Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետեւողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է՝ ԱՄՆ-ն 3 անգամ (1916թ., 1919թ., 1920թ.) ընդունել է նմանատիպ բանաձեւեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով. այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը՝ 1998, 2001թթ., Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձեւերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել են 1987, 1998, 2000, 2001, 2002, եւ 2005թթ., ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը եւ այլն, ինչը արդեն մոտեցրել է հանգուցալուծումը. որի առաջին կայծը տվեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի համար մատուցած պատարագի ժամանակ: 2015 թ.-ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, զոհերը սրբադասվել են Հայ առաքելական եկեղեցու կողմից՝ այդուհետ համարվելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներ։

1915-23թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետևողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965 թվականին։ Ավելի քան 30 պետություն հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել և ճանաչել են որպես ցեղասպանություն:

Խորհրդային Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առաջին անգամ պետական մակարդակով նշվել է 1965թ.-ի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին։

Հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների  բացարձակ ժխտումը միշտ եղել է թուրքական կառավարությունների օրակարգում: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին՝ Թուրքիան  ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ և այլն:

Քաղաքական մակարդակում հայերի ցեղասպանության հարցը քննարկելիս հաճախ օգտագործվում է այն փաստարկը, որ այս հարցը գտնվում է պատմաբանների, այլ ոչ թե քաղաքական գործիչների իրավասության ներքո։ Նման փաստարկումն օգտագործում է Թուրքիան:

Հայկական կողմի դիրքորոշումը նրանում է, որ պատմաբանները ոչ մի կասկած չունեն հայերի ցեղասպանության մեջ:

Շատ հետազոտողներ ընդգծում են ԱՄՆ-ի և Իսրայելի որոշիչ դերը որպես հիմնական երկրներ, որոնց կողմից հայերի ցեղասպանության ճանաչումը ունակ է ազդել Թուրքիայի դիրքորոշման վրա։ Նշվում է նաև, որ երկրներից մեկի՝ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից ճանաչումը վաղ թե ուշ կհանգեցնի ճանաչման նաեւ երկրորդ պետության կողմից:

 

Back to top button
Close