Նորություններ

Սուտ է ասում. ԱԽ քարտուղարը՝ Օնիկ Գասպարյանի հայտարարությունների մասին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցադրմանը, թե ինչ նպատակ էր հետապնդում հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության հետ, ասել է.

«Անվտանգության խորհրդի գրասենյակը պարբերաբար անվտանգության ոլորտի գնահատումներ է կատարում: Վերջերս մենք մի համապարփակ զեկույց ենք պատրաստել կրիտիկական ենթակառուցվածքների մասին, որը անվտանգության կոմպոնենտ էլ ունի, եւ գտել ենք, որ նպատակահարմար է կիսվել նաեւ պատգամավորների հետ: Հանդիպում ենք կազմակերպել եւ ինֆորմացիան ու գիտելիքը, որը մենք ունենք, փորձել ենք կիսել ԱԺ պատգամավորների հետ»:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին, ճանապարհների ապաշրջափակմանը՝ ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ այս պահին դեռեւս առարկայական ոչինչ չկա:

«Երբ որ առարկայական լինի, բնականաբար, այդ քննարկումների ընթացքում անվտանգության հարցերն առաջնային են լինելու: Մեզ համար ամենաառաջնային  խնդիրը անվտանգությունն է եւ հետո մնացած հարցերը»:

Անդրադառնալով ՀՀ անվտանգության  խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստի գաղտնազերծված փաստաթղթին եւ պատասխանելով հարցադրմանը, թե հնարավո՞ր է Օնիկ Գասպարյանի ամբողջ խոսակցությունը հրապարակվի, Արմեն Գրիգորյանն ասաց.

«Ես համոզված եմ, որ հանրությունն ամբողջովին իր հարցերի պատասխանը ստացել է: Կրկին մի խմբակ կարող է շահարկել եւ ասել, որ դա հարցերի պատասխանը չի տվել: Ես խորհուրդ եմ տալիս մեր հրապարակումները առանձին երբեք չկարդալ: Մեր հրապարակումները կարդալու համար պետք է բացել Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունը, կարդալ բոլոր տողերը, որից հետո բացել մեր գաղտնազերծված հատվածները… Օրինակ՝ երբ որ ասում է՝ հունիսի 8-ին նշանակվելուց մի քանի օր հետո անվտանգության խորհրդին եմ ներկայացրել ռազմաքաղաքական տարածաշրջանային իրավիճակը: Բացում ենք անվտանգության խորհրդի նիստի օրակարգը, տեսնում ենք, որ Օնիկ Գասպարյանը զեկույց չունի: Հասկանում ենք, որ սուտ է ասում: Անցնում ենք մյուս հարցերին: Երբ որ ասում է, թե ես ասել եմ՝ պատերազմը 2-3 օրում կանգնեցրեք: Դուք հասկանում եք, չէ՞, 2-3 օր պատերազմը կանգնեցնել առաջարկող գեներալ-լեյտենանտը չի կարող ասել, որ Ջեբրայիլում հաջողություններ ունենք, չի կարող ասել՝ թշնամին որեւէ առաջընթաց չունի: «Որեւէ»-ն ես կարող եմ նաեւ հասկանալ, որ դիրք չեն գրավել: Ո՞նց կարող է Օնիկ Գասպարյանը իր հայտարարությունում ասի՝ 2-3 օրում կանգնեցրեք, որը սուտ է, եւ իր զեկույցում ասի, որ թշնամին որեւէ առաջընթաց չի ունեցել, Ջեբրայիլի ուղղությամբ մենք հաջողություններ ունենք, խոսի, որ բանակը իր խնդիրները կատարում է եւ  շարունակելու է կատարել»:

Back to top button
Close