Նորություններ

«Մենք տեսանք, թե ինչ եղավ Հադրութի հետ, հիմա ոնց որ նույն բանը կրկնվում է Մեղրիի դեպքում». Մեղրիի համայնքապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան Սյունիքի մարզում էր: Նիկոլ Փաշինյանը առաջինը կանգ է առել սահմանամերձ դարձած Շուռնուխում, իսկ առավոտից արդեն այցերը Սյունիքի այլ բնակավայրերում են եղել, որտեղ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են հայհոյանքներով և «Նիկո՛լ, դավաճան», «թուրք Նիկոլ» վանկարկումներով և պահանջել, որ հեռանա Սյունիքից:

Ագարակ համայնքում վարչապետին թույլ չեն տվել մոտենալ զոհված տղաների գերեզմաններին, իսկ Մեղրիում վարչապետի դեմ ակցիայի մասնակիցները պատռել են պետական պահպանության պետ Սարգիս Հովհաննիսյանի կոստյումը:

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասում է, որ վարչապետի այցի մասին իրենք իմացել են մամուլից:

«Ես կարծում եմ, որ պետք չէր վիրավորանքներ, հայհոյանքներ, բայց Ալիևի երեկվա հայտարարություններից հետո մարդիկ մտավախություններ ունեն:

Նիկոլ Փաշինյանը Արցախում հայտարարություններ արեց, իսկ հետո մենք տեսանք, թե ինչ եղավ Հադրութի հետ, հիմա ոնց որ նույն բանը կրկնվում է Մեղրիի դեպքում»,- ասում է Զաքարյանը:

«Ալիևը հայտարարություններ է անում, սպառնում է, իսկ հայկական կողմը, փոխանակ հակադարձի, ընդհակառակը, Նիկոլ Փաշինյանը ասում է, որ պետք է կրճատել ծառայության ժամկետները՝ դարձնելով 5 տարին մեկ 3 ամսով:

Ընդհանուր առմամբ մեզ համար ամենամեծ խնդիրը անորոշությունն է: Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հայտարարում են, որ Մեղրիով միջանցք է լինելու առանց ՀՀ ընթացակարգերը պահելու, այսինքն՝ տպավորություն է, որ իրենց հոր տունն է, Ադրբեջանից մտնելու են, Նախիջևանով դուրս գան»,- ընդգծեց Մխիթար Զաքարյանը:

Մեղրիի համայնքապետն ասում է, որ ինքը ներկա չի եղել քաշքշուկներին, բայց գիտի մարդկանց մտավախությունների և դժգոհությունների պատճառը:

Հիշեցնենք, որ արցախյան վերջին պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի 2-րդ այցն է Սյունիքի մարզ:

Դեկտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Սյունիքում էր, բայց հանդիպելով ժողովրդի դիմադրողականությանը՝ Սիսիանից այն կողմ չկարողացավ

անցնել: Փաշինյանը ընդհատել էր աշխատանքային այցը Սյունիք և վերադարձել Երևան:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close