Նորություններ

1,5 մլն դոլարի արևային համակարգեր. Բալասանյաններին կհաջողվի՞ օգտվել յուղոտ պատառից. թղթերով ամեն ինչ «կարգի է բերված»

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրիի համայնքապատկան թվով 51 շենք շինությունների վրա կտեղադրվեն արևային համակարգեր:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 760 մլն դրամ (1 մլն 460 հազար ԱՄՆ դոլար): Գյումրիի բյուջեից ներդրման մասնաբաժինը լինելու է 304 մլն դրամ: Նախորդ շաբաթ կայացած ավագանու նիստի ժամանակ ներկայացվեց այս ծրագիրը:

Նշվեց, որ համայնքապատկան շենքերի տարեկան ջեռուցման/էլեկտրաէներգիայով ապահովման համար 2019 թվականին Գյումրիի բյուջեից հատկացվել է 31 մլն դրամ, իսկ փողոցային լուսավորության ապահովման համար՝ 101 մլն դրամ: Արևային համակարգերի տեղադրման արդյունքում ծախսերը զգալի կնվազեն: Ծրագիրն արդեն իսկ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից:

ԳԱԼԱ խմբակցության ավագանու անդամները արդյունավետությունից զատ հետաքրքրվեցին, թե Բալասանյանի ընտանիքի անդամները, մասնավորապես որդիները չե՞ն զբաղվում արևային համակարգերի տեղադրմամբ:

Թեև տեղի է ունենալու մրցույթ, այնուամենայնիվ, ԳԱԼԱ-ի ավագանու անդամ Արմենուհի Վարդանյանը նշեց, որ կա մտավախություն, որ Բալասանյանների ընտանիքն է շահագրգիռ լինելու շուրջ 1,5 մլն դոլարանոց ծրագիրը իրականացնելու:

Հարցադրմանը, թե իր ընտանիքի անդամները կամ իրենց հետ փոխկապակցված մարդիկ զբաղվո՞ւմ են հիշյալ բիզնեսով, Բալասանյանը ավագանու՝ ապրիլի 14-ին կայացած նիստի ժամանակ նշեց.

«Ամեն ինչ կանենք օրենքի սահմաններում: Համենայնդեպս, ես որ չեմ զբաղվում: Իմ որդիները նույնպես չեն զբաղվում: Էլ ի՞նչ փոխկապակցված անձ կարող է լինել: Ասենք մորքուրի տղեն, հորքուրի տղեն, հա՞: Ճիշտն ասած, հիմա կարող են ինչ ասես խոսել: Հետո իմ մորքուրիս տղեն էլ իրավունք կունենա զբաղվելու ինչ-որ մի բանով: Կարող է զբաղվի արևային պանելներ դնելով: Կարող է… Բայց թե որպեսզի չար լեզուները չխոսեն, մենք ամեն ինչ կանենք շատ թափանցիկ, առավել ևս, այսօրվա ձեր զգուշացումից հետո: Կկանչենք ավագանու անդամներին մրցույթները հայտարարելու ժամանակ, բացելու ժամանակ: Այդ ամեն ինչը կանենք, որ չասեն մորքուրի տղեն, հորքուրի տղեն… Քաղաքապետը կապ չի ունեցել և չի ունենալու, և երբեք որևէ մեկի մտքով չանցնի, որ քաղաքապետը կարող է ինչ-որ տեղ նման ոտնձգություն անել»:

Սամվել Բալասանյանի հերքումը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում:

Նրա որդիներից կրտսերը՝ Խաչատուր Բալասանյանը, իրականում զբաղվում է այդ գործով: Նախքան հեղափոխությունը, երբ քաղաքականություն մուտք գործելու անհաջող փորձեր ձեռնարկեց Խ․ Բալասանյանը, հաճախ սկսեց երևալ տեղի հեռուստաընկերությունների էկրաններին, գովազդային նյութեր հրապարակվեցին, որոնցից մեկում Չինաստան կատարված այցն էր՝ արևային մարտկոցների արտադրության գործարան. նա խոսում էր արևային էներգիայի ստացման հեռանկարներից, համագործակցության համաձայնագիր էր ստորագրում և այլն:

Ահա լուսանկարը՝ Խաչատուր Բալասանյանը արևային համակարգերի ֆոնին: Կողքին Սահակ Սահրադյանն է, ով ժամանակին զբաղեցնում էր Բալասանյանի խորհրդականի պաշտոնը:

Ինչպես լինում է սովորաբար Բալասանյանների ընտանիքի հետ, փոխվում են ընկերությունների սեփականատերերի անունները՝ հետագա խնդիրներից խուսափելու, գնումների գործընթացին ակտիվ մասնակցելու և շահույթը ձեռքից բաց չթողնելուհամար: Եվ ահա, «Սմարթ Էներջի Թեքնոլոջիս» ՍՊԸ-ի պարագայում «թղթերով ամեն ինչ կարգին է»: Այն ոչ թե Խաչատուր Բալասանյանինն է, այլ Սահակ Սահրադյանինը:

Հիշեցնենք՝ «Պլատֆորմ» ընկերությունը, որը սոցիալական ծառայություններ է մատուցում գյումրեցի անապահովներին, կրկին թղթերով պատկանում է վերոհիշյալ անձին, և Գյումրիի բյուջեից բավականին խոշոր գումարներ են տարիներ շարունակ ուղղվել «Պլատֆորմ» ընկերությանը:

Առհասարակ, Բալասանյանի մերձավորներին պատկանող ընկերություններից արվող գնումների վերաբերյալ բավականին ծավալուն անդրադարձ կատարել է ԳԱԼԱ-ն դեռ 2018-ին, որում նաև հիշատակված է «Պլատֆորմ» կոչվող ընկերության մասին:

Թե վերոհիշյալ սուբվենցիոն ծրագիրն ինչպիսի ընթացք կունենա, և ովքեր կստանձնեն համայնքապատկան շենքերի վրա արևային համակարգերի տեղադրման գործը, կտեսնենք առաջիկայում:

Back to top button
Close