Նորություններ

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Mercedes-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր

 Այսօր՝ ապրիլի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշամբ տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի և հատապես կարևոր գործերով ավագ քննիչ  Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close